ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը խոր հիասթափություն է հայտնել առ այն, որ Սիրիայում մուսուլմանական Իդ Ալ-Ադհա տոնակատարության ժամանակ այդպես էլ չհաջողվեց հրադադար հաստատել:
Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», երկուշաբթի ելույթ ունենալով Հարավային Կորեայում՝ Պան Գի Մունը միջազգային հանրությանը կոչ է արել լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ ճգնաժամը լուծելու համար:
Նրա խոսքերով՝ քանի դեռ միջազգային հանրությունը պառակտված է, սիրիացի ժողովրդի տառապանքները կշարունակվեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի նախաձեռնությամբ Սիրիայի կառավարությունը և ընդդիմությունը համաձայնություն էին ձեռք բերել դադարեցնել ռազմական գործողությունները մուսուլմանական Իդ Ալ-Ադհա տոնի ժամանակ (հոկտեմբերի 25-26-ը): Այնուամենայնիվ, հրադադարը պարբերաբար խախտվում էր թե կառավարական, թե ընդդիմադիր ուժերի կողմից:











































