«ՏաԹևեր» ճոպանուղու աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էկրկնակի տեխնիկական ստուգում անցկացնելու կապակցությամբ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին «Տաթև» հիմնադրամի զարգացման դեպարտամենտից:
Հիշեցնենք, որ երեկ, ժամը 16։12-ին, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն էր ստացվել, որ «ՏաԹևեր» ճոպանուղու անվտանգության համակարգը կայծակի հետևանքով ավտոմատ դադարեցրել է աշխատանքը, խցիկները՝ 41 ուղևորով, մնացել են մոտ 50 մետր բարձրության վրա:
Նախարարության հաղորդագրության համաձայն` դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական ջոկատը: Երկու խցիկներում գտնվող 41 ուղևորները, որոնցից 17-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ, 18-ը` կին, 7-ը` երեխա, տարհանվել և տեղափոխվել են անվտանգ տարածք:
«Տաթև» հիմնադրամի զարգացման դեպարտամենտից տեղեկացրին, որ ճոպանուղու աշխատանքի դադարեցման պատճառը նաև անբարենպաստ եղանակն է:
«Ճոպանուղին կառուցած Doppelmayr-Garaventa ընկերությունն ունի ճոպանուղիների շահագործման ձեռնարկ, որտեղ կան հստակ ցուցումներ: Եվ, բնականաբար, մասնագետները հետևում են այդ ցուցումներին, քանի որ ճոպանուղին միջազգային չափանիշներին համապատասխան կառույց է: Անհրաժեշտ է կրկնակի ստուգում, այս պահին մասնագետներն այդ ուղղությամբ աշխատում են»,- տեղեկացրին դեպարտամենտից:
Դեռ հայտնի չէ, թե ճոպանուղին երբ կվերսկսի աշխատանքը:
Տաթևի գյուղապետ Մուրադ Սիմոնյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հենց ճոպանուղու ուղղությամբ երեկ ուժեղ կարկուտ է տեղացել. «Ուժեղ կայծակ էր ու կարկուտ: Դա ճոպանուղու ձգող տրոսը հանել էր: Կարող էին տեղադրել նաև ուղևորների ներկայությամբ, բայց որպեսզի մարդիկ չվախենան, նրանց անվնաս տեղափոխեցին, որպեսզի այդ աշխատանքները կատարեն»:







































