Այս շաբաթ ԵՄ-ի կառավարությունները կսկսեն քննարկել կառույցի երկարաժամկետ բյուջեն, որը հասնում է 1 տրլն եվրոյի ($1.3 տրլն)` այն ամենաքիչը 50 մլրդ եվրոյով կրճատելու առաջարկով: Այս մասին գրում է Reuters-ը` հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրի:
Փորձագետների կարծիքով` Եվրահանձնաժողովի առաջարկած այս կրճատումը դժվար թե բավարար լինի` գոհացնելու համար Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Ֆրանսիային և բյուջեի մյուս դոնորներին:
Նրանք ցանկանում են խստորեն կրճատել ԵՄ-ի ծախսերը և կոչ են անում ծախսերը կրճատել 100-200 մլրդ եվրոյով:
Բացի դրանից` այս առաջարկը, հնարավոր է, զայրացնի Լեհաստանին և սոցիալիստական ճամբարի մյուս նախկին անդամներին, որոնք ԵՄ-ի միջոցների խոշորագույն ստացողներն են և հանդես են գալիս ցանկացած կրճատման դեմ:
Նշենք, որ ԵՄ-ի նոր փաստաթուղթը կլինի առաջինը, որը կոնկրետ թվեր կպարունակի:
Հայտնում են, որ փաստաթղթում կթվարկվեն կրճատումները, որոնք անհրաժշտ է անել բոլոր ոլորտներում, որպեսզի հասնեն անհրաժեշտ տնտեսության:
Մասնագետները կարծում են, որ սա կարող է անհամաձայնություն առաջացնել բյուջեի կրճատման կոչ անող երկրների միջև. Ֆրանսիան ուզում է բացառել ծախսերի կրճատումները գյուղատնտեսության ոլորտում, Մեծ Բրիտանիան, Շվեդիան և այլ երկրներ ուզում են, որպեսզի ԵՄ-ն ավելի շատ գումար հատկացնի հետազոտություններին և աճի արագացման այլ միջոցառումներին:
Reuters-ը հայտնում է, որ ԵՄ-ի միջոցների մոտ երեք քառորդը ներկայումս ծախսվում է կառույցի առավել աղքատ շրջանների ֆերմերներին և նոր ավտոճանապարհների, օդանավակայանների և այլ ինֆրակառույցների կառուցմանը սուբսիդիա հատկացնելու համար:










































