Հոկտեմբեր 25-ին Ֆրանսահայ ընկերակցությունները համակարգող խորհրդի (CCAF) պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի Ծերակույտի Ֆրանսիա-Հայաստան խմբի նախագահ Ֆիլիպ Քալթնբախի և Ծերակույտի անդամներ Լյուք Գարվունասի, Հերվ Մարսիեի և Բերնար Փիրասի հետ: Հանդիպման օրակարգում է եղել Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը:
Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի տապալման դեպքում այն այլևս հնարավոր չի լինի ընդունել: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ֆրանսահայ ընկերակցությունները համակարգող խորհրդի (CCAF) համանախագահՄուրադ Փափազյանը:
Ըստ Մուրադ Փափազյանի՝ հանդիպումը նպատակ ուներ ճնշում բանեցնել Ծերակույտի մեծամասնության վրա, որպեսզի արագորեն տեքստ ներկայացնեն խորհրդարան: Ըստ նրա՝ իրենց նախաձեռնությունը և առաջարկները լավ են ընդունվել: «Արդեն իսկ նախագահության կողմից մտահոգություններ հայտնեցին, որ կփորձեն պատրաստել այլ տեքստ, որ իրավական գետնի վրա հաջողության կարժանանա և չի բեկանվի Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի կողմից: Նոր տեքստ պետք է շարադրվի:Նկատի ունենալով ՍԴ եզրակացությունները, մեր իրավաբանները և պետության իրավաբանները կաշխատեն նոր տեքստի վրա:Կարևոր է, որ գնանք իրավական ապահովության ետևից, պետք է զգույշ լինենք, որ երկրորդ անգամ ներկայացվի և ընդունվի, չբեկանվի գործընթացը, այլապես ամբողջությամբ կմեռնի»,- մեկնաբանեց Մուրադ Փափազյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ լավ տեքստի դեպքում օրինագիծը կընդունվի, որովհետև և խորհրդարանում, և Ծերակույտում իրենքմեծամասնություն ունեն, Օլանդը կողմ է այս օրինագծին, ուստի իր համակիրները պետք է ենթարկվեն և հետևեն նրա օրինակին՝ կողմ քվեարկելով այդ նոր տեքստին:
CCAF համանախագահն, անդրադառնալով Փարիզում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը, կարծիք հայտնեց, որ դիվանագիտական արշավն, անշուշտ, պետք է շարունակել, բայց կոնկրետ այս հանդիպումից հստակ սպասելիքներ չունի:







































