1907թ. այս աօրը վախճանվեց Ամենայն հայոց 125-րդ կաթողիկոս, հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական, գրող Մկրտիչ Խրիմյանը (Մկրտիչ Ա Վանեցի):
Ծնվել է 1820թ. ապրիլի 4-ին Վանում, սովորել է Վասպուրականի Լիմ և Կտուց անապատների վանական դպրոցներում: Ժողովուրդը Մկրտիչ Խրիմյանին մեծարել է «Հայրիկ» պատվանունով: Ժողովրդանվեր գործունեության համար թուրքական կառավարությունը նրան համարել է քաղաքականապես անբարեհույս հոգևորական:
1868-ին Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, 1869-ին Կ. Պոլսի Ազգային ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի հայոց պատրիարք: Իբրև պատրիարք Ազգային ժողովի քննարկմանն է դրել Ազգային սահմանադրության վերանայման, գավառահայության հարստահարությունների, գավառների հոգևոր առաջնորդների ընտրության հարցերը: Պայքարել է ողջ արևմտահայության շահերը Ազգային ժողովում ներկայացնելու, գավառական երեսփոխանների թիվը Ազգային ժողովում ավելացնելու համար:
Իբրև 1878-ի Բեռլինի վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար նախապես այցելել է եվրոպական մեծ տերությունների (Իտալիա, Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա) պետական պաշտոնյաներին, պատրիարքարանի կազմած տեղեկագիրը ներկայացրել Բեռլինի վեհաժողովին՝ հույս ունենալով դիվանագիտական ճանապարհով լուծել Հայկական հարցը: Հիասթափված նրա արդյունքներից՝ շրջադարձ է կատարել դեպի ազգ-ազատագրական պայքարը: 1890թ. Կ. Պոլսի Գում Գափուի ցույցից հետո թուրքական կառավարությունը նրան աքսորել է Երուսաղեմ: 1892-ի մայիսին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս, սակայն սուլթանը չի համաձայնել նրան թուրքահպատակությունից ազատել, և միայն 13 ամիս անց ռուսական ցարի միջնորդությամբ նրան թույլատրվել է ժամանել Էջմիածին: 1893-ի սեպտեմբերի 26-ին օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս:
Նա մեծ ջանքեր է ներդրել կոտորածներից մազապուրծ գաղթականության ֆիզիկական գոյությունն ապահովելու և վերստին երկիր վերադարձնելու համար: Եռանդուն պայքար է մղել հայ եկեղեցապատկան կալվածքները բռնագրավելու մասին ցարական կառավարության 1903-ի հունիսի 12-ի օրենքի կենսագործման դեմ, հրամայել հոգևոր թեմակալ առաջնորդներին՝ չենթարկվել այդ որոշմանը և խոչընդոտել նրա կիրառությանը: Նրա օրոք Էջմիածնում կառուցվել են նոր հյուրանոց, Սինոդի նոր շենք, թանգարան, նոր մատենադարան: Նորացել և հարդարվել են Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Էջմիածին) Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիները:
Կաթողիկոսական գահին Մկրտիչ Ա Վանեցուն հաջորդել է Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցին:








































