«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ուկրաինայի «Բատկիվշչինա» ընդդիմադիր կուսակցության անդամ, Խարկովի նախկին նաhանգապետ Արսեն Ավակովը:
– Պարոն Ավակով, այսօր Ուկրաինայում կկայանան խորհրդարանական ընտրություններ: Ուկրաինացի ժողովուրդը մեծ հույսեր է կապում այս ընտրությունների հետ՝ ուժեղացնելու եվրաինտեգրմանն ուղղված քայլերը: Արդյոք ընտրությունները կարտահայտե՞ն ժողովրդի կամքը:
– Այն, ինչին ձգտում է Ուկրաինայի ժողովրդավար ընդդիմությունը, հետևյալն է՝ կազմել մեծամասնություն նոր խորհրդարանում: Դա հնարավորություն կտա հաշվեհարդար տեսնել ռեժիմի հետ, որն այսօր արմատացել է երկրում՝ ոչ ժողովրդավար, օլիգարխների կողմից կառավարվող, արդարադատությունը ոտնահարող ռեժիմի հետ: Այդ պատճառով էլ ընդդիմությունը հույս ունի մեծամասնություն կազմել խորհրդարանում: Ասելով ընդդիմություն՝ նկատի ունեմ առաջին հերթին միացյալ ընդդիմությունը՝ «Բատկիվշչինա» կուսակցությունը, որի անդամ եմ ես, Ուկրաինայի ազգայնականներին պատկանող «Ազատություն» և «ՈւԴԱՌ» կուսակցությունները: Մենք հույս ունենք, որ սա ևս մեկ հնարավորություն է՝ միավորվելու, ուկրաինացի ժողովրդի գլոբալ ընտրության շնորհիվ որոշելու՝ որտեղ ինտեգրվել, կոպիտ ասած` հե՞տ գնալ ԽՍՀՄ, թե՞ գնալ Եվրոպական միություն: Ընտրությունը, որի առջև այսօր կանգնած է Ուկրաինան, կարևոր է: Այլ հարց է, հույս ունենա՞լ, որ ընտրությունները կանցնեն արդար ու օրենքի տառին համապատասխան: Մենք սպասում ենք անարդար գործընթացների, որոնց արդյունքում ընտրությունների արդյունքները կարող են ճշգրիտ չլինել: Ուկրաինա են ժամանել շատ միջազգային դիտորդներ, հույս կա, որ միջազգային հանրության այս ուշադրությունը ինչ-որ կերպ կկանգնեցնի այս իշխանություններին:
– Հայտնի է, որ Ուկրաինայի՝ եվրաինտեգրման ճանապարհին առկա հիմնական խոչընդոտը նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հետ տեղի ունեցածն է: Ինչպե՞ս եք տեսնում այս հարցի լուծումը:
– Թույլ տվեք որոշ չափով խմբագրել հարցը: Դա չէ հիմնական խոչընդոտը: Չի կարող Եվրամիության անդամ լինել մի երկիր, որի հետ հնարավոր չէ օրենքի լեզվով խոսել: Այն, որ փոքրիկ մի կին՝ Տիմոշենկոն, խանգարում է Յանուկովիչին թագավորել, դա չի նշանակում, որ նա պետք է նստի բանտում: Ոչ մի եվրոպացի գործիչ չի քվեարկի այս սկզբունքներով առաջնորդվող Ուկրաինայի՝ Եվրամիությանն ինտեգրվելու օգտին: Երկրում արդարադատության հաստատման դեպքում այս հարցերը կլուծվեն: Ես կարծում եմ, որ եթե ընդդիմությունը մեծամասնություն կազմի, դա կլինի ուկրաինացի ժողովրդի փրկությունը, և այս իրավիճակին շատ արագ լուծում կտրվի:
– Պարոն Ավակով, ստացվել է այնպես, որ հետխորհրդային երկրներում իշխանության են գալիս հանցավոր անցյալ ունեցող գործիչներ: Օրինակ՝ Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը, ինչպես նաև նրա հայաստանցի ընկեր Գագիկ Ծառուկյանը նախկինում դատվածություն են ունեցել: Նման օրինակներ էլի կան: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է սրա պատճառը, արդյոք հասարակություննե՞րն են հանդուրժում նմանօրինակ ղեկավարներին:
– Եթե և՛ ուկրաինացի, և՛ հայ ժողովուրդները ձայն են տալիս կրիմինալ անցյալ ունեցող անձանց, դա փաստում է, որ մշակույթը շատ ցածր է: Դա կոմունիստական ռեժիմի, ԽՍՀՄի-ից փոխանցված ժառանգություն է: Երբ մենք խոսում ենք այդ մարդկանց մասին, ովքեր եկել են իշխանության, մենք չենք խոսում խղճի դեմ կատարված հանցագործության կամ տնտեսական հանցագործությունների մասին, մենք խոսում ենք քրեական հանցագործությունների մասին: Դա վերաբերում է և՛ Ուկրաինային, և՛ Հայաստանին: Ամենասարսափելին այն է, որ դա օրինակ է ծառայում երիտասարդությանը: Երիտասարդներն այսօր չեն կարդում հայ, ուկրաինացի, ռուս մեծանուն դասականներին, այլ պատին տեսնում են հանցավոր անցյալով մարդու նկարն ու ասում՝ մայրիկ, ես այսպես պետք է ապրեմ: Դա ամենասարսափելին է, որն այսօր մեզ սպառնում է: Այս իրավիճակից միայն մեկ ելք կա՝ բարձրացնել քաղաքական կուլտուրան, ընդհանուր կուլտուրան և միայն բարոյական արժեքներ սերմանել հասարակությունում: Նմանօրինակ գործիչներն ուղղակի երկար չեն գոյատևում: Համոզված եմ, որ այդպես էլ կլինի, սակայն դա ժամանակի հարց է:
– Ամերիկացի քաղաքագետներից մեկն ասել է, որ Ռուսաստանը չի կարող վերականգնել կայսրությունն առանց Ուկրաինայի: Ինչպես մյուս հետխորհրդային երկրների, այնպես էլ Հայաստանի համար շատ կարևոր են այսօր Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները: Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումները Հայաստանի վրա:
– Այս իրավիճակում Ուկրաինան այլևս չի վերադառնա Ռուսաստանի Դաշնության հետ միասնական պետության կառուցմանը: Դա դժվար է Ուկրաինայի համար, դրա հետ դժվար թե հաշտվի երկրի բնակչությունը: Դա դժվար է Ռուսաստանի համար նույնպես: Ազգամիջյան ինտեգրման հարցն այսօր կարող է հանգեցնել պատերազմի: Կայսերական ամբիցիաները մնացել են նախորդ դարում: Կայսրությունները փլուզվում են, և այսօր հակառակ գործընթացն է տեղի ունենում: Ինչ վերաբերում է այդ գործընթացների ազդեցությանը Հայաստանի վրա, ապա կարող եմ ասել, որ մենք Ուկրաինայում շատ վրդովված էինք, որ Ուկրաինայի արտգործնախարարությունը ոչ մի կերպ չարձագանքեց ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի հետ կապված դեպքերին: Այդ ցինզիմը, ոչ թե բարոյականության, այլ օտարի գաղափարով առաջնորդվելու սկզբունքը ցույց է տալիս ուկրաինական իշխանությունների ժամանակավոր լինելը: Եթե Ուկրաինայի իշխանությունն ու անկախությունը ադեկվատ լինեին, անպայման գնահատական կտրվեր այդ արարքին, Ուկրաինան կօգներ Հայաստանին: Հակառակ դեպքերում այդ բոլորը միայն խոսքեր են: Հետխորհրդային տարածքում մեզ հեշտ գործընթացներ չեն սպասվում: Հայաստանում և Ուկրաինայում բարեկեցություն կլինի հասարակական հարաբերություններում ժողովրդավարություն հաստատելու դեպքում միայն:
– Ի՞նչ կասեք Ուկրաինայի և Հայաստանի ներկա հարաբերությունների և ապագայի մասին:
– Այդ հարաբերություններն այսօր շատ սահմանափակ են, բայց հեռու կգնան: Ինչ վերաբերում է ապագային, այս երկու երկրները, որոնք միմյանց պետք են, կարող են միմյանց շատ օգտակար լինել:











































