ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի վարչությունը սկսել է բաժանել Սիրիայի մարդասիրական օգնությունը՝ օգտվելով ժամանակավոր հրադադարից: «Մեր գործընկերը՝ Սիրիական արաբական Կարմիր մահիկը, սկսել է բաժանել Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի վարչության արտահերթ օգնությունը, որը նախապես ուղարկվել էր Հալեպի արվարձաններ»,- հայտնել է Հորդանանում ՄԱԿ-ի վարչության ներկայացուցիչ Ռոն Ռեդմոնդը: Նրա խոսքերով՝ «օգնության բաշխումն սկսվել է դեռ հինգշաբթի և այս պահին դրանցով ապահովվել է 4000 մարդ (800 ընտանիք) Հալեպում»: «Շաբաթ օրը մենք նախատեսում ենք շարունակել բաժանել օգնությունը Հալեպում և Իդլիբում, եթե անվտանգության հետ կապված իրավիճակը դա թույլ տա»,- ավելացրել է նա:
Ռեդմոնդը նշել է, որ օգնության բաժանումը նախապատրաստելու և կազմակերպելու համար պահանջվել է մեկ օր: «Քանի որ դա առաջին օրն էր (Իդ Ալ-Ադհա տոնի.- 1in.am), մենք չէինք սպասում, որ կարող ենք դա անել»,- ասել է նա՝ հավելելով, որ ուրբաթ բարձվել են բեռնատարները, որոնք օգնությունը պետք է հասցնեին Հասաքե մարզի Ռաքքա քաղաք, սակայն իրենց ծրագիրը չեն իրագործել վառելիքի պակասի պատճառով: «Մենք հույս ունենք, որ փոխադրումը կիրականացվի շաբաթ օրը»,- ասել է նա:
Ավելի վաղ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի վարչությունը հույս էր հայտնել, որ հրադադարի ընթացքում (հոկտեմբերի 26-29-ը) կհաջողվի օգնություն տրամադրել 65 հազար սիրիացիների: Պատրաստվել է 550 տոննա ոչ պարենամթերային մարդասիրական օգնություն: Յուրաքանչյուր փաթեթ ներառում է 4 ներքնակ, 6 ծածկոց, հիգիենայի պարագաներ:










































