Հունաստանի ղեկավարները վստահություն են հայտնել, որ երկիրը կհաղթահարի ներկայիս ճգնաժամը, ինչպես դա եղել է նախկինում: Ինչպես տեղեկացնում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել են երկրի նախագահն ու վարչապետը` Կառլոս Պապուլյասն ու Անտոնիս Սամարասը, Սալոնիկում հանդիսության ժամանակ, որը նվիրված է եղել թուրքական լծից քաղաքի ազատագրման 500-ամյակին ու Սուրբ Դիմիտրիոսի տոնակատարությանը:
«Դա շատ մեծ օր է մեր հպարտ ժողովրդի համար, ժողովուրդ, որը միշտ հաղթահարել է մեծ ճգնաժամերը՝ ցուցաբերելով արիություն, բարոյական բարձր հատկանիշներ, սեր դեպի ազատության մեծ իդեալներն ու առաջընթացը: Այսօր մենք շատ նմանություն ենք տեսնում այն ժամանակների հետ, այդ իսկ պատճառով ես լավատես եմ՝ այս ժողովուրդը երբեք չի կարող պարտվել: Կարևոր չէ՝ որքան փորձություններ է բաժին ընկնում նրան, այն միշտ հաղթող է դուրս գալիս, ինչպես Բալկանյան պատերազմի ժամանակ»,- ասել է Պապուլյասը:
Սամարասն էլ իր հերթին նշել է, որ Հունաստանը դարձյալ կդառնա հարգանքի արժանի երկիր: «Մենք պայքար ենք մղում չափազանց բարդ իրավիճակում, որպեսզի հաղթահարենք տնտեսության արատավոր շրջանը ու կանգնենք աճի ուղու վրա»,- ասել է նա՝ ընդգծելով, որ մի քանի ամիս առաջ շատ քչերն էին հավատում, որ Հունաստանը կմնա եվրոգոտում:









































