Կուբայի Սանտիագո դե Կուբա մարզում «Սենդի» փոթորկի պատճառով ավելի քան 130 հազար բնակարան մասամբ կամ ամբողջովին ավերվել է: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Աղետը մեծապես վնասել է ենթակառուցվածքներն ու գյուղատնտեսությունը՝ ոչնչացրել 1000 հա ցանքատարածություն, ինչպես նաև խաթարել հեռախոսակապն ու էլեկտրամատակարարումը: Կուբայում «Սենդի»-ի զոհ է դարձել 11 մարդ, այդ թվում` մեկ երեխա:
Տուժած շրջաններում տարվում են աշխատանքներ՝ ուղղված առաջին հերթին էլեկտրամատակարարման վերականգնմանը:
Չնայած «Սենդի»-ն դեռ վաղ առավոտյան լքել էր Կուբայի տարածքը, նրա ազդեցությունը նախկինի պես նկատվում է կղզու կենտրոնական հատվածում, որտեղ վերջին 12 տարվա ընթացքում ուժեղ հեղեղներ են: Այդ կապակցությամբ մի շարք մարզերում փոթորկի նախազգուշացումներ են տրվել: Փոթորկի հետևանքները երկրի իշխանություններին ստիպել են հետաձգել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլը, որը նախատեսվում էր հոկտեմբերի 28-ին:
«Սենդի»-ն այս տարվա ընթացքում Կուբայում մոլեգնած առաջին փոթորիկն էր: Չնայած այն բանին, որ կղզու վրա այն ունեցել է երկրորդ աստիճանի վտանգավորության ուժգնություն (6 աստիճանանոց սանդղակով), մեծ թվով զոհերի հաջողվել է խուսափել միայն շնորհիվ քաղաքացիական պաշտպանության ուժերի համակարգված գործողությունների: Ընդհանուր առմամբ պոտենցիալ վտանգավոր տարածքներից տարհանվել է շուրջ 320 հազար մարդ:





































