«Սերժ Սարգսյանը որոշել է հետևողականորեն իջեցնել նախագահի ինստիտուտի նշաձողը: Բավարար չէ` Երևանի տարբեր անկյուններում ջանասիրաբար մասնակցում է արձանների ու սուպերմարկետների բացման արարողություններին, երեկ էլ ընդունել է «Թենիսի տապան-2012» թենիսի միջազգային մրցաշարին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության պատվիրակությանը»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Կարելի է եզրակացնել` Հայաստանում բոլոր հարցերը կարգավորված են, չկա ո´չ սոցիալ-տնտեսական, ո´չ քաղաքական խնդիր, ու Ս. Սարգսյանն այնքան պարապ է, որ արդեն հանդիպում է ՀՀ ժամանած ցանկացած օտարերկրացու հետ:
Համեմատության համար նշենք, որ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներն օլիմպիական եռակի չեմպիոններ են, բայց երբ նրանք մեկնում են որևէ մրցաշարի, այդ երկրների նախագահները, վարչապետերն ու խորհրդարանների ղեկավարները չեն շտապում նրանց հրավիրել իրենց մոտ անգամ այնտեղ մարզական հաջողությունների հասնելուց հետո: Լավագույն դեպքում, մրցաշարի բացմանը ներկա է գտնվում այդ քաղաքի կամ մարզի ղեկավարը»:









































