Հալեպում պատերազմող կողմերը մասամբ պահպանում են հրադադարի ռեժիմը. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բերիո Հայոց թեմի առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռայիսյանը՝ խոսելով Սիրիայում հրադադարի ռեժիմի այսօրվա մեկնարկի և պահպանման մասին:
Նա նշեց, որ առայժմ, գոնե Հալեպում, լռություն է, փողոցները ամայի են. «Երբեմն-երբեմն շատ թեթև բախումների ձայներ լսվում են, բայց ընդհանրապես խաղաղություն է, հանգիստ, մեծ պայթյուններ չկան, քաղաքում խաղաղ է, ամայի վիճակ: Այսօր զինադադար էր հայտարարված, և մենք բուռն բախումների ձայներ՝ կրակոցներ, պայթյուններ չենք լսել»:
Հարցին, թե երեկ Հալեպի հյուսիսում բախումների հետևանքով հայեր տուժե՞լ են, պատասխանեց` մինչև հիմա ոչ ոք հայ վիրավորների, զոհերի մասին տեղեկություն չի հայտնել: Նա հույս հայտնեց, որ նման տեղեկություն չի լինի երբևէ:
Անդրադառնալով սիրիահայերին աջակցող «Օգնիր եղբորդ» նախաձեռնության հումանիտար օգնության երկրորդ խմբաքանակին՝ Ռայիսյանն ասաց, որ այն արդեն Հալեպում է, սակայն պետական ձևակերպումները չեն ավարտվել:
«Պետական ձևակերպումները պետք է ավարտվեն, որպեսզի կարողանանք այն բաժանել կարիքավորներին»,- հստակեցրեց Ժիրայր Ռայիսյանը:
Հիշեցնենք. ավելի վաղ Սիրիայի կառավարությունը և ընդդիմադիր Ազգային խորհուրդը ընդունել էին ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի առաջարկը՝ հրադադար պահպանել մուսուլմանական Իդ Ալ-Ադհա տոնի կապակցությամբ:








































