Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի բյուջեից ամսական 667 լարի է հատկացվելու Քութայիսում պատգամավորների բնակության վարձավճարի համար: Համապատասխան որոշումն ընդունել է գանձապահների խորհուրդը. այդ հարցը երեկ քննարկվել է խորհրդարանի բյուրոյի փակ նիստում:
Ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի նախագահ Դավիթ Օնոպրիշվիլին պարզաբանել է, որ այդ 667 լարին բնակարանի վարձավճարի ընդհանուր գումարն է, որը հարկվելու է և իրականում կազմելու է 533 լարի (1 դոլարը հավասար է 1.66 լարի):
Այդպիսի գումար ստանալու են այն պատգամավորները, որոնք Քութայիսում, ուր տեղափոխվել է Վրաստանի խորհրդարանը, չունեն բնակարաններ ու տներ: Մնացյալ բոլոր պատգամավորները պետք է տվյալ հարցի շուրջ դիմեն խորհրդարանի նախագահին:
Պատգամավորն0 այդ գումարի հատկացումից կարող է զրկվել, եթե վաղաժամ դադարեցնի իր լիազորությունները կամ էլ սպառվի նրա լիազորությունների ժամկետը: