Խորհրդարանում երեկ քննարկվում էր կառավարության ներկայացրած «Շահումով խաղերի և խաղատների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Հրապարակ»-ը գրում է, որ գործող օրենքով նախատեսվում էր, որ 2013թ. հունվարի 1-ից խաղատուն կամ շահումով խաղ կարելի է կազմակերպել միայն Ջերմուկ, Ծաղկաձոր և Սևան քաղաքներում, նաև` ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած 40 մլրդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում` Երևանից դուրս գտնվող ՀՀ կառավարության սահմանած վայրերում: Սա նշանակում է, որ Երևանի շրջակայքում գործող տասնյակ խաղատները պետք է երկու ամիս անց փակվեին, և դրանց փոխարեն գործեր միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից կառուցվող և մինչև տարեվերջ շահագործման ենթակա խոշոր խաղատնային համալիրը, որը կառավարելու մասին «Մուլտի գրուպը» պայմանագիր է կնքել հայտնի «Կեմպինսկի» ընկերության հետ: Ասել է թե հերթական մենաշնորհը կգրանցվեր, և այս ոլորտն էլ 2013թ. հունվարի 1-ից մոնոպոլ կդառնար, խաղամոլները կգերադասեին Ծառուկյանի խաղատունը, որը Երևանի մատույցներում է, և ոչ թե Երևանից տասնյակ կիլոմետրեր հեռու Ջերմուկի կամ Սևանի խաղատները: Սակայն երեկ կառավարության անդամ, ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, ով ներկայացնում էր այս փոփոխությունների փաթեթը, ներկայացնելով կառավարության տեսակետը, առաջարկեց մեկ տարով երկարացնել այս սահմանափակման ժամկետը և խաղատներին հնարավորություն տալ գործել մինչև 2014թ. հունվարի 1-ը: Ըստ Վարդան Արամյանի, խաղային բիզնեսի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնց հաղթահարումը ներկայիս պայմաններում անհնար է:
Նշենք, որ խաղատների ներկայացուցիչները դեռ սեպտեմբերին էին վարչապետ Տիգրան Սարգսյանին զգուշացրել, որ մենաշնորհի ձևավորումը կվնասի իրենց: Նշել էին, որ իրենց գործունեությանը զգալի վնաս է հասցրել նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Կառավարությունն անշուշտ կարող էր հակադարձել, թե խաղատների պատճառած վնասները բարոյական և դաստիարակչական առումներով ավելի մեծ են, սակայն չի արել, քանի որ այդ բիզնեսի մի մասը պատկանում է կարկառուն ՀՀԿ-ականների, այդ թվում` Սաշիկ Սարգսյանին: Մյուս կողմից սա լավ հնարավորություն է Գագիկ Ծառուկյանին ինչ-որ բաներ հասկացնելու, քանի որ նա դեռ չի հստակեցրել իր դիրքորոշումը նախագահական ընտրությունների վերաբերյալ:









































