Օնտարիոյի բժշկական ասոցացիան (Ontario Medical Association, OMA) առաջարկել է յուղոտ ու քաղցր մթերքների փաթեթների վրա իրական պատկերներով նախազգուշացում տեղադրել դրանց վնասակարության մասին: Այս մասին հայտնում են OMA-ի կայքում:
Հոկտեմբերի 23-ին բժիշկները ներկայացրել են նախազգուշացնող նկարներով փաթեթների մի քանի մոդել, որոնց թվում եղել են` պիցցայի տուփ` հիվանդ լյարդի պատկերով, հյութի և գազավորված ջրի տուփ` շաքարային դիաբետի հետևանքների պատկերով և կարտոֆիլի ֆրիի տուփ` գրությամբ, որ կառավարությունը ճարպակալման դեմ պետք է պայքարի նույն կերպ, ինչ կերպ` ծխելու:
Կանադացի բժիշկները նաև առաջարկում են նվազեցնել օգտակար սննդի հարկն ու մեծացնել` վնասակարինը, սահմանափակել վնասակար սննդի գովազդը երեխաների շրջանում և վաճառքը հանգստավայրերում ու սպորտային հաստատություններում, ուր երիտասարդներ են հաճախում: OMA-ն վստահեցնում է, որ կանադացի մեծահասակների ավելի քան երկու երրորդը (36 տոկոս) ավելորդ քաշ ունի կամ տառապում է ճարպակալմամբ (23 տոկոս): Երեխաների շրջանում այդ ցուցանիշը 31,5 տոկոս է:







































