Չինաստանում համակարգչային տեխնոլոգիաների կիրառումը հանգեցրել է անսպասելի արդյունքի՝ չինացիները կտրուկ կորցնում են հիերոգլիֆների գրության հմտությունները, որոնք ազգային մշակույթի հիմքն են:
Տեղի թերթերից մեկի տեղեկացմամբ` Հուբեյ նահանգի վարչական կենտրոնի հետազոտական կենտրոնի՝ տարբեր բուհերի 143 ուսանողի ուսումնասիրությունից պարզվել է, որ միայն 12-ն է կարողացել անսխալ կատարել հանձնարարությունը:
«Հիմա մենք հիմնականում օգտվում ենք համակարգիչներից, որոնք պահանջում են միայն հիերոգլիֆները ճանաչելու, ոչ թե դրանք անսխալ գրելու ունակություն, այդ իսկ պատճառով գծերի հաջորդականությունը ու դրանք ճիշտ գրելը արդեն բացարձակ կարևոր չեն»,- ասել է ուսանողներից մեկը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ ուսանողների մոտավորապես երեք քառորդը սովորաբար օրվա ընթացքում ոչ մի հիերոգլիֆ չի գրում:
Վայելչագրությունը, մասնագետների կարծիքով, չինական մշակույթի հիմքն է, ու հիերոգլիֆները գեղեցիկ գրելը շատ հարյուրամյակներ համարվել է ոչ միայն գրագիտության, այլև չինացու ընդհանուր մտավոր զարգացվածության արտահայտություն:









































