Կենսաթոշակային համակարգի փոփոխությունների հետ կապված ժողովրդին «աչքալուսանք տալու բան չկա»: Այսօր ԱԺ նիստում Կենսաթոշակային օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա` քաղաքակիրթ երկրներում համակարգային փոփոխություններ արվում են միայն հանրային քննարկումներից հետո, որովհետև այս ամենը շատ բան է փոխում մարդկանց կյանքում, իսկ ՀՀ կառավարությունը փորձում է հնարավորինս քիչ բան ասել ժողովրդին:
«Գործող իշխանությունը հերթական անգամ մտնում է քաղաքացու գրպանը»,- ասաց Ն. Փաշինյանը` նշելով, որ այսօր գոյություն ունեն սոցիալական վճար և եկամտահարկ: Այսօր աշխատողները վճարում են այսօրվա թոշակառուների կենսաթոշակը, իսկ վաղվա սերունդը իրենց է կենսաթոշակ վճարելու: Այս փոփոխություններով համակարգը 90%-ով փոխվում է: 2013-ից դուրս են գալիս սոցվճարը և եկամտահարկը, և եկամտային հարկ է մտցվում: Դրանով, ըստ Փաշինյանի, 2013-ի բյուջեում կառավարությունն իր ձեռքով գրել է, որ 21 մլրդ դրամով (մոտ 51 մլն դոլար) ավելի է հավաքելու հարկ, քան հավաքում էր 2 հարկերի գծով առանձին: Սակայն պատգամավորն ընդգծեց, որ այդ գումարները չեն ուղղվելու սոցիալական կարիքներին. նույն նախագծով սոցիալական ծախսերը կրճատվում են: Փաշինյանի խոսքով` այդ գումարները տանում են անհայտ կամ ավելի ճիշտ` «ատկատ» ուղղությամբ:
Ընդ որում, 51 մլն դոլարը միայն 2013-ին է վերաբերում: 2014-ից 1974 թ.-ից հետո ծնվածները վճարելու են պարտադիր կուտակային վճար, որը նոր հարկատեսակ է` պետք է վճարեն իրենց եկամուտների 5%-ը, որ 20-30 տարի հետո ստանան թոշակ: Մինչ այդ փողերը հանձնվելու են կենսաթոշակային ֆոնդերին, որոնք, ինչպես հայտարարեց պատգամավորը, իբր աշխատեցնելու են և մեծացնեն քաղաքացիների գումարները: Բայց այդ ֆոնդերը դեռ չեն ստեղծվել, կստեղծվեն 2013-ին: Այսինքն` պարտադիր ձևով մեր փողերը վստահելու ենք սկսնակ ընկերություններին:
«Ֆոնդերը պատկանելու են մասնավոր անձանց: Թույլ տվեք կանխատեսել, որ մեր փողերի կառավարիչների դերում կլինեն «Սարգսյաններ» կամ «Մինասյաններ» ազգանուններով մարդիկ: Ահա թե ինչ է անում Սերժ Սարգսյանը»,- ասաց Ն. Փաշինյանը` մեկնաբանելով, որ տևական ժամանակ է` ՀՀ տնտեսությունը կաթվածահար է, իսկ իշխանությանը փող է հարկավոր, և նրանք այլ տարբերակ չեն գտնում, քան մտնել ժողովրդի գրպանը, իսկ Կենսաթոշակային փաթեթը ատկատների օրինական մեխանիզմ է մշակել:
«Կարող էի կոչ անել` պարոն Սարգսյա´ն, ձեր ձեռքը ետ տարեք ժողովրդի գրպանից, բայց քանի որ դա անիմաստ է, կոչ եմ անում ժողովրդին` սիրելի´ ժողովուրդ, Սերժ Սարգսյանի ձեռքը ետ տարեք ձեր գրպանից, քանի որ շուտով կարող եք ոչ թե գրպան չունենալ, այլ շալվար»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:









































