«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալներից ոմանք հացադուլ են հայտարարել՝ ի նշան իրենց գործերով դատարանների կայացրած որոշման դեմ բողոքի: Դատապարտյալներից մեկը նույնիսկ կտրել է իր ճկույթն ու ուղարկել «Հենարան» մամուլի ակումբի լրագրողներից մեկին՝ օգնություն խնդրելով: Նրանք նաև տեղեկացրել են, որ կարել են իրենց բերանները:
«Առաջին լրատվական»-ն այս տեղեկությունը փորձեց ճշտել ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական վարչության պետ Գոռ Ղլեչյանից: Վերջինս հաստատեց լուրը` հավելելով, որ այս մասին լրացուցիչ կտեղեկացնի մամլո հաղորդագրությամբ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան, քրեակատարողական հիմնարկներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում ասաց, որ դատապարտյալները հիմնականում բողոքում են իրենց քրեական գործերին առնչվող դատարանների որոշումներից:
««Նուբարաշեն» ՔԿՀ-ում պայմանները վատն են, բայց պայմաններից բողոքները քիչ են, ավելի շատ բողոքները վերաբերում են մեղադրանքներին և դատարանների կայացրած որոշումներին, դատապարտյալները բողոքում են նաև պայմանական վաղաժամկետի հարցերով»,- նկատեց Արթուր Սաքունցը:











































