Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ՀՀ կառավարությանը կհատկացնի 202.400 մլն հատուկ փոխառության իրավունքին համարժեք գումարի չափով վարկ (42 մլն ԱՄՆ դոլարին համարժեք): Նամակների փոխանակման ձևով կնքված համաձայնագրում փոփոխություն կատարելու առաջարկությունը վաղը կներակայացվի ՀՀ կառավարության նիստում:
«Երկարաժամկետ վարկային գործիք» (Extended Credit Facility (ECF)) ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության և ԱՄՀ-ի միջև 74.8 մլն ՀՓԻ վարկ տրամադրելու մասին նամակների փոխանակման ձևով կնքված համաձայնագրի համաձայն՝ ԱՄՀ-ն 2010-2011 թվականներին ՀՀ կառավարությանը բյուջետային աջակցության նպատակով տրամադրել է 74.8 մլն ՀՓԻ-ի (115.3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք) վարկ: Ի լրումն վերոհիշյալ գումարի, ԱՄՀ-ն համաձայնել է ՀՀ կառավարությանը 2012 թվականին տրամադրել ևս 27 մլն ՀՓԻ (շուրջ 42 մլն ԱՄՆ դոլար): Լրացուցիչ տրամադրվելիք գումարը նախատեսված է «ՀՀ 2012 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով` 15.9 մլրդ դրամ: Վարկի լրացուցիչ գումարը տրամադրվելու է միևնույն պայմաններով՝ 10 տարի մարման ժամկետով, որից 5.5 տարին՝ արտոնյալ ժամկետ, և ամենակարևորը՝ անտոկոս:
Վարկը կուղղվի ՀՀ 2012 թ. բյուջեի դեֆիցիտի ծածկմանը և կազմում է 2012 թ. պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով արտաքին աղբյուրներից ներգրավվելիք վարկերի շուրջ 10 %-ը:










































