ՀՀ առողջապահության ոլորտում կներդրվի միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգ, որի ծրագիրը վաղը կներկայացվի կառավարության նիստում: Ենթադրվում է, որ դա թույլ կտա յուրաքանչյուր բնակչի մասին լիարժեք բժշկական տեղեկատվություն ապահովել` միասնական և ամբողջական ձևաչափով:
Մասնավորապես՝ այս համակարգը ստեղծելու նպատակով նախատեսվում է, օգտագործելով արդեն իսկ գործող ավտոմատացված տեղեկատվական համակարգերի հնարավորությունները, ձևավորել միօրինականացված տվյալների փոխանակման և դինամիկ թարմացման ծրագրային միջոց:
Ներկայում ՀՀ առողջապահության համակարգում գործում են տեղեկատվական ավտոմատացված համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս ստանալու պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային և արտահիվանդանոցային (ամբուլատոր-պոլիկլինիկական, ստոմատոլոգիական) բժշկական օգնություն ստացած անձանց մատուցված ծառայությունների, օգտագործված դեղերի և բժշկական նշանակության պարագաների, իրականացված լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների մասին տեղեկատվություն` անհատական հաշվառման ձևերի միջոցով:
Գործում է նաև առողջության առաջնային պահպանման ծառայություններ իրականացնող բժշկի մոտ գրանցված բնակչության տվյալների շտեմարանը: Այս համակարգերը, սակայն, այսօր գործում են առանձին մոդուլների միջոցով, չնայած օգտագործում են նույնականացված որոշակի շտեմարաններ: Անձի նույնականացման հնարավորության բացակայությունը հնարավորություն չի տալիս միավորելու համակարգի տարբեր փոխանակման ենթակառուցվածքները, բացակայում է ցանցային ենթակառուցվածքը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































