Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլին խորհրդարանական փոքրամասնության հետ հանդիպման ժամանակ պատասխանել է էներգետիկայի նախարարի պաշտոնում Կախա Կալաձեի նշանակման նպատակահարմարության մասին հարցին:
«Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Գիվի Տարգամաձեն Իվանիշվիլիին հարցրել է, թե արդյոք Կալաձեի նշանակման պատճառն ա՞յն է, որ նա կապված է էներգոմաֆիայի հետ: Ի պատասխան՝ Իվանիշվիլին հայտարարել է, որ եթե որևէ մեկը դեռ կասկածներ ունի էլիտար կոռուպցիայի վերաբերյալ, ապա շուտով կտեսնի այդ փաստերը.
«Մենք շատ ենք խոսել էլիտար կոռուպցիայի մասին, և բոլորը վստահ են դրա գոյության հարցում: Եթե որևէ մեկը վստահ չէ, ապա թող բազմաթիվ դատական գործընթացների միջոցով համոզվի դրանում: Ես չեմ պատրաստվում միջամտել դրան, սակայն հետաքննություն տարվելու է:
Ինչ վերաբերում է Կալաձեին, ապա նրա նկատմամբ կասկածներ չկան, և շուտով նա օրենքի շրջանակներում կվաճառի իր ընկերության բաժնետոմսերը: Իսկ եթե դուք իշխանությունների հետ Կալաձեի գործարքների մասին փաստեր ունեք, ապա կարող եք արտահայտվել դրանց մասին»:










































