«Առաջին լրատվական»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել առողջապահության ոլորտում վերջերս բացահայտված չարաշահումների ու այլ երևույթների հետ կապված: Առողջապահության նախարարությունն ամեն տարի Բիլ Գեյթսի հիմնադրամից մեծ գումարներ է ստացել տուբերկուլյոզի դեմ պայքարի համար: Նախարարությունը տարիներ առաջ այդ հիմնադրամից բավականին մեծ գումարներ է ստացել, քանի որ ծրագրի համար լավ կատարողական է ապահովել, սակայն գումարները սկսել են նվազել, երբ նախարարությունն անցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համակարգմանը և նախարար նշանակվեց Հարություն Քուշկյանը:
Ոլորտի մասնագետների կարծիքով` վերջինիս սխալ մարտավարության պատճառով նախարարությունը կորցրեց այդ հիմնադրամից մոտ 40 մլն դոլար ստանալու հետագա հնարավորությունը: Որոշ տեղեկությունների համաձայն` Հ. Քուշկյանն այդ ծրագրից գումարներ է յուրացրել, և հիմնադրամի կողմից ֆինանսավորման դադարեցման պատճառներից մեկն էլ դա է եղել:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 14-ին կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ բարձրաձայնեց ԲՀԿ համակարգման ներքո գտնվող քաղաքաշինության և առողջապահության ոլորտներում առկա չարաշահումների և «ատկատների» մասին: Մեր տեղեկություններով, «ատկատների» հիմնական ձևավորողներից մեկը եղել է առողջապահության նախկին փոխնախարար Աբրահամ Մանուկյանը: Հիշեցնենք, որ վերջինս հանրությանը հայտնի է «Կակտուս» ռեստորանում սարքած ծեծկռտուքից հետո: Ա. Մանուկյանն այժմ ԲՀԿ խմբակցության անդամ է և պատգամավոր է ընտրվել այդ կուսակցության համամասնական ցուցակով: Վերջինս մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից առաջ որպես պատգամավորական թեկնածու Կենտրոնական ընտրական հանձնաժողովում իր գույքի և ունեցվածքի մասին հայտարարագիր է ներկայացրել: Այդ հայտարարագրի համաձայն` Ա. Մանուկյանն ունի ահռելի գումարներ՝ 46 մլն եվրո, 117 մլն դոլար և 217 մլն դրամ:
Առողջապահության ոլորտում տեղ գտած չարաշահումների մեջ իր մասնաբաժինն է ունեցել նաև Առողջապահության գործակալության նախկին պետ Արա Տեր-Գրիգորյանը, ով պաշտոնից ազատվեց կառավարությունում ոլորտին վերաբերող՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունից հետո:
Թե՛ Ա. Մանուկյանը և թե՛ Ա.Տեր-Գրիգորյանը իրենց աշխատանքը համաձայնեցրել են ոչ թե նախարար Քուշկյանի, այլ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Եվ դա շատ հաճախ խնդիրներ է առաջացրել Հ. Քուշկյանի համար, որը երբեմն դժգոհել է իր մերձավորների մոտ, թե Գ. Ծառուկյանն իրեն այնքան էլ չի վստահում և անմիջապես իր տեղակալների հետ է շփվում: Իսկ Գ. Ծառուկյանն անմիջապես այս երկու պաշտոնյաների հետ է շփվել, քանի որ առողջապահության ոլորտի ստվերային գումարները հենց նրանք են համակարգել: Որոշ տեղեկությունների համաձայն` Ա. Տեր-Գրիգորյանն է հիվանդանոցի գլխավոր բժիշկներից հավաքել ամենամսյա ստվերային «հարկերը»: Ընդ որում` ԲՀԿ-ն իր նախընտրական ծախսերի համար այդ ոլորտից ստվերային գումարներ է ստացել:









































