Վերջին շրջանում գրեթե ամեն օր «Զվարթնոց» օդանավակայանը դադարեցնում է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը, մինչև որոշակի գումար է փոխանցվում կուտակված հսկայական պարտքից: Նույն խնդիրն է եղել նաև այսօր առավոտյան: «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման այսօրվա եթերում, անդրադառնալով թեմային, ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը նշել է, որ «Զվարթնոցի» և «Արմավիայի» վեճի արդյունքում տուժում է ուղևորը: Նա քննադատել է «Հայկական ավիաուղիների» սեփականաշնորհումը։
««Հայկական ավիաուղիները» պետական էր, բրենդ էր ներկայացնում, հզոր ընկերություն էր, ուներ սեփական պարկը, արտադրությունը, և ստորադասվեց անձնական շահերին: 1998 թվականից սկսվեց սնանկացման պրոցեսը, չնայած որ շահութահարկի գծով առաջինն էր: Արհեստականորեն սնանկացրին, որ տարիներով կառուցված այդ շուկան տան մեկ անձի կամ ընկերության: Այդ մոխիրի վրա ստեղծվեց «Արմավիան»: Բնականաբար, նույն ճակատագիրը պետք է ունենար նաև «Արմավիան», որովհետև ցանկացած արհեստական ստեղծված բան շուտով ավերվում է: Մենք չունեցանք անգամ սեփական օդանավ»,- ասել է քաղավիացիայի նախկին ղեկավարը՝ հավելելով, որ պետությունը պետք է մասնակցություն ունենար ոլորտի կառավարման գործում: Այնինչ սխալ մենեջմենտ տեղի ունեցավ, եկամտաբեր չվերթները, օրինակ՝ Երևան-Ամստերդամը, փակվեցին:
Խնդիրը կարգավորելու համար Շահեն Պետրոսյանն առաջարկում է հանձնաժողով ստեղծել՝ պարզելու, թե ինչու է եկամտաբերությամբ աշխատող ընկերությունը սնանկացել: «Ես ուզում եմ իմ երկրի ավիացիան լավ լինի: Պետք է վերականգնվի պետական ստատուսը, որից հետո ստեղծվի մասնավորեցման նոր պրոցես, որտեղ բաժնեմասերը կգնի ժողովուրդը: «Արմավիան» մի անձնավորությունից վաճառվում է մեկ ուրիշին, այլ բան չի փոխվելու: Նախ պետությունը պետք է վերցնի իր վրա վերահսկողությունը»,-ասել է «Բանաձևի» հյուրը:
Նա դեմ է նաև «ազգային փոխադրող» հասկացությանը. «Նման բան չի կարող լինել: Իրենք են հորինել, որ արտոնություններ տան: Չի կարող մի քանի ավիաընկերություն ունենալով, այն էլ՝ բոլորը մասնավոր, ասեն՝ այս մեկն ավելի մասնավոր է: Եթե արտոնություններ ունի, ուրեմն կոռուպցիայի հոտ է գալիս, չարաշահում է»:








































