Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարարի թեկնածու Մայա Փանջիկիձեն խորհրդարանական հանձնաժողովների լսումների ժամանակ հայտարարել է, որ արմատական փոփոխություններ չի պլանավորում դիվանագիտական կորպուսում.
«Գերատեսչության ու դիվանագիտական կորպուսի կենտրոնական ապարատի և ոչ մի աշխատակից ստիպված չի լինի հրաժեշտ տալ իր պաշտոնին: Չի կրկնվի այն պրակտիկան, որ երբ նոր նախարար է նշանակվում, բոլոր դեսպաններն ազատվում են զբաղեցրած պոստերից, ինչին որ երկու անգամ ականատես ենք եղել Վարդերի հեղափոխությունից հետո և 2009 թվականին:
Աշխատակիցներից և ոչ մեկն էլ ստիպված չի լինի թողնել իր պաշտոնը, եթե նա չի կատարել որևէ ապօրինի գործողություն: Իհարկե, դա չի վերաբերի քաղաքական ղեկավարությանը: Հնարավոր է՝ կադրային փոփոխությունները վերաբերեն մի շարք անձանց, սակայն ոչ դիվանագիտական կորպուսի ու կենտրոնական ապարատի աշխատակիցներին»:









































