Անցած շաբաթվա ընթացքում Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավարն ու Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի վարչության գլխավոր տնօրենը Բրյուսելում նախաստորագրեցին Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզային ռեժիմի դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերը:
«Հայաստանի եվրոպացի ընկերներ» կազմակերպության ավագ գիտաշխատող Սարգիս Ղազարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ համաձայնագրերի վերջնական ստորագրման ժամկետը դժվար է ասել, քանի որ տեխնիկական լուրջ խնդիրների հետ է կապված: Սակայն, նրա խոսքերով, ըստ նախնական խոսակցությունների՝ համաձայնագրերը կստորագրվեն սույն թվականի դեկտեմբերին:
Ըստ Ղազարյանի՝ վիզային ռեժիմի դյուրացմամբ հատուկ թիրախային խմբեր՝ ուսանողները, գործարարները, հետազոտողները, հատուկ արտոնություններ են ձեռք բերում, ստանում են դեպի ԵՄ անցաթղթեր, այսինքն՝ վիզային ռեժիմի դյուրացումը նպատակ ունի հասարակությունների շփումներն ինտենսիվացնել, շփումներում խոչընդոտները վերացնել:
«Սկսում ենք Եվրոպայի հետ մտնել մի առանցք, որտեղ Եվրոպան այս մի քանի շատ ակտիվ թիրախային խմբերի համար դարձնում ենք շոշափելի, որը պարզապես գաղափարական չի լինելու»,- հստակեցրեց Սարգիս Ղազարյանը:
Անդրադառնալով Արևելյան գործընկերությանն ու Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններին՝ նա ասաց, որ Հայաստան-ԵՄ ասոցացման գործընթացը բանակցային գլուխներից է բաղկացած, 29 բաժնից Հայաստանը հաղթահարել է 28-ը:
Նրա տեղեկացամբ՝ միակ գլուխը, որի շուրջ դեռևս բանակցություններ են վարվում, ԵՄ-ի հետ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն մասնակցությունն է: «Սա դեռևս բանակցվում է ասոցացման համաձայնագրի շրջանակում, կարող ենք ասել, որ միակ գլուխը, որի վերաբերյալ դեռ բանակցություններ են վարվում, ազատ առևտրի գոտու մասնակցության գլուխն է»,- մանրամասնեց «Հայաստանի եվրոպացի ընկերներ» կազմակերպության ներկայացուցիչը:
Հարցին, թե ճի՞շտ են պնդումները, որ Հայաստանն Արևելյան գործընկերության առաջատարներից է, Ս. Ղազարյանը պատասխանեց, որ այդպես է: Նա ներկայացրեց, թե տարածաշրջանային երկրներն այս գործընթացում ինչ հաջողություններ են արձանագրել:
«Ադրբեջանն ասոցացման 3-4 գլուխ է բանակցել և դա արել է պարզապես բանացկելու համար: Այն բոլոր գլուխները, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, քաղաքական ռեֆորմներին, հասարակությանը, քաղհասարակությանը, ազատություններին՝ ներառյալ տնտեսական ազատությունները, բանակցված չեն ընդհանրապես: Այս հարցերի վերաբերյալ նույնիսկ բանակցություններ չեն բացվել, հետևաբար Ադրբեջանը բանակցել է այդ գլուխներից միայն մի քանիսը և հիմա Ադրբեջանի ասոցացման բանակցությունները փակուղում են: Նրանք պարզապեոս շահագրգռված են դե ֆակտո, դե յուրե լինել բանակցությունների շրջանում, որպեսզի դա ինչ-որ կերպ օգտագործեն քաղաքական նպատակներով:
Վրաստանը Հայաստանի նման նույն կարգավիճակում է: Գիտեմ, որ խնդիրներ կան, թե ԵՄ–Վրաստան ասոցացման համաձայնագիրն արդյո՞ք ամբողջ Վրաստանի տարածքի վրա պետք է ազդի, թե՝ ոչ: Երկու դեպքում էլ նոր քաղաքական իրադրություն կստեղծվի»,- մեկնաբանեց Սարգիս Ղազարյանը:
Եզրափակելով իր խոսքը՝ «Հայաստանի եվրոպացի ընկերներ» կազմակերպության ավագ գիտաշխատող Սարգիս Ղազարյանն ասաց, որ Հայաստանը «մի գործիք է ստանալու», որը կտա դրական արդյունք, չի սահմանափակի միայն վիզային ռեժիմի արտոնություններով, քանի որ ավելի լայն հնարավորություններ կընձեռի Հայաստանին և դյուրին ձևով կմոտեցնի Եվրոպային:








































