Հորդանանում սիրիացի փախստականները, դժգոհելով իրենց պայմաններից, բողոքի ակցիա են կազմակերպել երկրի հյուսիսում:
«Մի քանի սիրիացի փախստականներ անցյալ գիշեր այրել են 20 վրան՝ բողոքելով «Զաաթարի» փախստականների ճամբարում իրենց պահելու պայմանների դեմ և պահանջելով, որպեսզի իշխանությունները վրանները փոխարինեն տնակներով»,- հայտնել է հորդանանյան բարեգործական կազմակերպության ղեկավար Զայեդ Համմադը:
Նրա խոսքերով՝ ոստիկանւթյունը ոչ ոքի չի ձերբակալել, տուժողներ չկան: Համմադը ենթադրում է, որ միջադեպը կազմակերպել են «Սիրիայի իշխանությունների կողմնակիցները՝ փորձելով ճամբարում հուզումներ հրահրել»:
Հարկ է նշել, որ սա Հորդանանի «Զաաթարի» ճամբարում առաջին բողոքի ակցիան չէ: Օգոստոսի 29-ին շուրջ 200 սիրիացի փախստականներ բողոքի ակցիա էին կազմակերպել, որի ժամանակ վիրավորվել էին անվտանգության մարմինների 26 աշխատակիցներ:
Փախստականների խոսքերով՝ ճամբարը գտնվում է անապատում, իրենք զրկված են անգամ ժամանակավոր ապրելու տարրական պայմաններից:










































