«Կարո՞ղ եք ասել, թե այս 35 հազար դրամով քանի օր կարող է ապրել մարդը՝ չունենալով երեխաներ, այսինքն` մենակ»,- այսօր ԱԺ նիստում նման հարց ուղղեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ դիմելով ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ:
Վ. Գաբրիելյանն առաջարկեց նվազագույն աշխատավարձը չդիտել այն տեսակետից, թե քանի օր կարող է ապրել մարդը, այլ, թե ինչքան ավելի կարող է ծախսել, քան նախկինում՝ 7-8%-ով ավելի:
Փոստանջյանի հարցին՝ ի՞նչ կարող է գնել մարդը այդ ավելացած գումարով, Վ. Գաբրիելյանը նշեց, թե կարող է գնել «ապրանքային զամբյուղի մի շարք ապրանքներ ցանկացած խանութում»:
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե նվազագույն սպառողական զամբյուղի չափը և նվազագույն աշխատավարձը որքանո՞վ են համահունչ այս խայտառակ գնաճի պայմաններում, այս 2.5 հազար բարձրացումը ինչո՞վ կարող է օգնել: Պատգամավորի խոսքով՝ աննախադեպ աճի մասին է հայտարարվում, որը չի հաստատվում որևէ այլ բաղադրիչով՝ աշխատատեղերի բացում և այլն, և արդյոք դա չէ՞ր ենթադրում, որ կարող էր 2.5 հազար դրամից ավելի բարձրանալ նվազագույն աշխատավարձը:
Վ. Գաբրիելյանը համաձայնեց, որ 35 հազար դրամը որևէ կերպ հաշվարկված զամբյուղը չի ծածկում, և դա ունի որոշակի խնդիրներ, որոնք կառավարությունն առաջարկում է լուծել ժամանակի ընթացքում՝ կամաց-կամաց: Նվազագույն աշխատավարձը 40-50 հազար դրամ է նախատեսվում 2015թ.-ի համար: Ներկայացնելով գնաճի նախկին կորելացիան՝ նախարարը հայտարարեց, թե այժմ գնաճը 2.5% է, իսկ 2013-ին 12-ամսյա գնաճը կլինի 4±1.5%, որը լիովին համընկնում է օրենսդրի սահմանած գնաճին, և դա «չի կարելի անվանել խայտառակ գնաճ»:










































