ԱՄՆ նախագահական ընտրություններում ԵԱՀԿ միջազգային դիտորդների կազմում կլինեն Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներ: Այս մասին հայտարարել է Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոն:
Բյուրոյի դիտորդների խմբի մեջ կմտնեն նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Դանիայի, Բելառուսի, Ուկրաինայի, Շվեյցարիայի, Խորվաթիայի, Ղազախստանի , Ղրղըզստանի և այլ երկրների ներկայացուցիչներ:
Մի խումբ միջազգային դիտորդներ, որոնց խումբը գլխավորում է դեսպան Դաան Էվերթսը՝ Նիդերլանդներից, արդեն գտնվում են ԱՄՆ-ում:
«Դիտորդների խումբը կգնահատի այդ ընտրությունները՝ համաձայն պարտավորությունների՝ ԵԱՀԿ և այլ ժողովրդավարկան ընտրությունների միջազգային չափանիշների շրջանակներում, ինչպես նաև համաձայն ազգային կանոնադրության: Դիտորդները կհետևեն նախընտրական արշավին, ընտրական մարմինների աշխատանքներին, համապատասխան դաշնային ինստիտուտների և նահանգների մակարդակով ինստիտուտների աշխատանքներին, ինչպես նաև կստուգեն, թե որքանով են հետևում ընտրական օրենսդրությանը և ընտրությունների ժամանակ առաջ եկող վիճելի դեպքերի կարգավորմանը»,- ասվում է բյուրոյի հաղորագրության մեջ:
ԱՄՆ նախագահական ընտրությունները նախատեսվում են նոյեմբերի 6-ին:











































