Գործարար Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 22-ին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ շուտով կհրապարակի նախագահ Բարաք Օբամայի մասին որոշ աղմկալի փաստեր, սակայն կտրականապես հրաժարվել է ակնարկել, թե ինչի մասին է խոսքը:
Ենթադրաբար, Թրամփը պատրաստվում է «ռումբը նետել» հոկտեմբերի 24-ին, ընդ որում՝ նա ցանկանում է դա անել Twitter-ի իր միկրոբլոգում: Գործարարը հավելել է, որ, ըստ ամենայնի, իր տեղեկությունը կարող է ազդել առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքների վրա:
Դոնալդ Թրամփը որոշ ժամանակ մտածել է նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին, սակայն արդյունքում՝ հրաժարվել այդ գաղափարից: Նա աջակցում է հանրապետական Միթ Ռոմնիի թեկնածությանը: ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները ծրագրված են նոյեմբերի 6-ին:
Նախկինում Թրամփը մի քանի անգամ հանդես է եկել Օբամայի ծննդավայրի առնչությամբ հայտարարությամբ: Գործարարը հակված է այն վարկածին, որ Օբաման ծնվել է Քենիայում, այլ ոչ թե Հավայայում:
Սոցիոլոգիական վերջին հարցումները վկայում են, որ Օբաման և Ռոմնին ժողովրդականությամբ հավասարվել են:









































