««Ժառանգություն» կուսակցությունը երեկ վարչության նիստ է գումարել և քննարկել է առաջիկա ընտրությունների վերաբերյալ հարցեր»,– «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում ասել է «Ժառանգության» վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Կուսակցականները, ըստ նրա, ցանկանում են, որ եկող նախագահական ընտրություններում իրենց թեկնածուն լինի Րաֆֆի Հովհաննիսյանը. վերջինս մինչև նոյեմբերի առաջին կեսն արդեն որոշած կլինի՝ մասնակցել ընտրություններին, թե՝ ոչ:
Արմեն Մարտիրոսյանը, բնականաբար, հիմնականում անդրադարձել է իրենց և «Ազատ դեմոկրատներ»–ի միջև խնդիրներին։ «Այս ամենը, որ տեղի ունեցավ, վերաբերում էր «Ազատ դեմոկրատներ»–ին: «Ժառանգության» որևէ անդամ «Ազատ դեմոկրատներ»–ի հետ որևէ խնդիր չունի»,- ասել է Ա. Մարտիրոսյանը՝ ափսոսանք հայտնելով, որ Խաչատուր Քոքոբելյանին ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը ձևափոխվեց Քոքոբելյանի կողմից, և նա փորձեց պաշտպանվել՝ կուսակցությունը վահան դարձնելով:
«Որևէ խոսք «Ազատ դեմոկրատներ»–ի վերաբերյալ չէր եղել և չի էլ լինելու: Այնուամենայնիվ, մեզ համար գլխավորն այն չէ, ինչ տեղի ունեցավ, այլ այն խնդիրները, որ պեության առաջ կանգնած են, և մեր կուսակցությունը նախորդ խորհրդարանում էլ փորձում էր լուծել: Այդ խմբակցությունն այսօր վարչությունում է, և այն խդիրները, որ չկարողացան լուծել, դրանց ուղղությամբ այսօրվա խմբակցությունն է աշխատում»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը:








































