ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Համաշխարհային բանկի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի» գյուղական զարգացման մասնագետ և թիմի ղեկավար Նիկոլաս Ահուիսուսիին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Արուսյակ Ալավերդյանին:
Հանդիպման նպատակն իրականացվող ծրագրի ընթացքի դիտարկումների արդյունքներն ու նոր ծրագրի թիրախային առաջարկներին ծանոթանալն էր:
Բարձր գնահատելով արոտավայրերի բարելավման ծրագրի իրականացման ընթացքը և շնորհակալություն հայտնելով համագործակցության համար, պարոն Ահուիսուսին նշել է, որ նման դրական միտումները կայուն նախադրյալներ են ապահովում նոր ծրագրին: «Ծրագրի իրականացումը շատ համաչափ ու դինամիկ է ընթանում: Զգացվում է , որ այն Ձեր մշտական ուշադրության կենտրոնում է: Եվ արդյունքներն էլ գոհացուցիչ են»,- նշել է պարոն Ահուիսուսին:
Երկրորդ ծրագիրը նույնպես կունենա մի քանի բաղադրիչներ` նոր համայնքների ընդգրկում այսօր գործող ծրագրում, զարգացման արժեշղթայի բոլոր օղակների հստակեցում և աջակցություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գործում:
Շնորհակալություն հայտնելով Համաշխարհային բանկի կողմից ոլորտին ցուցաբերվող աջակցության համար` ՀՀ գյուղատնտեսության նախարարը նույնպես բարձր է գնահատել արոտավայրերի բարելավման ծրագրի իրականացման ընթացքը և պատրաստակամություն հայտնել ամեն կերպ օժանդակել նոր ծրագրերի իրականացմանը:
«Ցանկալի կլիներ, որ ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկը հնարավորություն ունենար մեզ օգնելու ձեռք բերել սաղմի փոխպատվաստման լաբորատորիա, որն այնքան կարևոր է այսօր հոտի տոհմային կազմի բարելավման, կարճ ժամկետում բարձր մթերատու կենդանիներով այն համալրելու գործում»,- նշել է նախարարը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվության բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Պարոն Ահուիսուսին խոստացել է իր ղեկավարների քննարկմանը ներկայացնել առաջարկված գաղափարը և հնարավորինս օժանդակել նոր ծրագրում այն ընդգրկելուն:







































