Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի եվրոպական ու եվրաինտեգրման հարցերով պետնախարար Թոռնիկե Գորդաձեն հանդիպել է Եվրահանձնաժողովի՝ ներքին գործերով գլխավոր տնօրեն Ստեֆանո Մանսերվիսի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են վիզային ռեժիմի ազատականացման հարցը և պարզել են, որ Վրաստանը գործողությունների պլանը ենթադրաբար կստանա դեկտեմբերին:
Մանսերվիսը հայտարարել է, որ վիզային ռեժիմի շուրջ բանակցությունները կշարունակվեն նաև Վրաստանի նոր կառավարության հետ. «Մենք ականատես ենք եղել Վրաստանում էական փոփոխությունների, և այդ ամենն ընթացել է ժողովրդավար ճանապարհով: Մեզ համար կարևորը ոչ թե այլընտրանքն է, այլ՝ այն, ինչը մենք արդեն իսկ արել ենք:
Նախկին կառավարությունը շատ բան է արել բարեփոխումների պլանում և մեր նպատակների համար: Դա ամուր հիմք է նոր կառավարության հետ մեր համագործակցության համար, որպեսզի մենք հնարավորինս շուտ հասնենք վիզային ռեժիմի ազատականացմանը: Ներկայումս մենք աշխատում ենք պլանի ավարտման վրա, որը քննարկելու ենք ապագա կառավարության հետ: Այն ավարտված կլինի մինչև տարեվերջ»:









































