Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն Ուկրաինայից հրավեր է ստացել՝ մասնակցելու ուղղաթիռների արտադրման նրա ծրագրերին: Վկայակոչելով սեփական ռազմական աղբյուրներին՝ APA-ն հայտնում է, որ այդ ծրագրերից մեկը նոր Ми-24ПУ1 մարտական ուղղաթիռի արտադրությունն է, որը ստեղծվում է Ми-24 ուղղաթիռի բազայի հիման վրա:
Մյուս ծրագիրն առնչվում է բազմաֆունկցիոնալ Ми-8МСБ ուղղաթիռի արտադրության նախագծին: Այդ երկու ծրագրի հետ կապված՝ Ուկրաինայի համապատասխան կառույցները տեղեկատվություն են տրամադրել ադրբեջանական կողմին և նրա հետ անցկացրել են նախնական բանակցություններ: Ներկայիս դրությամբ Ուկրաինան սպասում է ադրբեջանական կողմի պատասխանին:
Ми-24ПУ1 մարտական ուղղաթիռի փորձարկումները սկսվել են այս տարվա ամռանը: Այս ուղղաթիռը Ми-24 ուղղաթիռի մոդիֆիկացված տարբերակն է և նախատեսված է բարձրլեռնային շրջաններում մարտեր մղելու համար: Իսկ Ми-8МСБ ուղղաթիռի փորձարկումները կավարտվեն առաջիկա օրերին: Այս ուղղաթիռները հիմնականում նախատեսված են անձնակազմի փոխադրման, վիրավորների տարհանման համար:











































