Նյու Յորքի տարեց բնակչին վերադարձրել են 53 տարի առաջ նավատորմում ծառայելիս գողացված ոսկե ժամացույցը: Այս մասին հաղորդում է UPI գործակալությունը:
23 թանկարժեք քարերով զարդարված ոսկյա ժամացույցը Էդ Գրիգորին 1958 թ. նվիրել էր նրա մորաքույրը՝ դպրոցն ավարտելու կապակցությամբ: Մեկ տարի անց այն Գրիգորից գողացել էին Վիրջինիա Բիչ քաղաքում, որտեղ նա ծառայություն էր անցնում ԱՄՆ ռազմածովային ուժերում:
53 տարի անց Գրիգորի տան զանգը հնչել է: Լաս Վեգասի բնակչուհի Փեթ Հերիքը հետաքրքրվել է՝ արդյո՞ք նա ծառայել է Վիրջինիա Բիչի ռազմական նավատորմում և արդո՞ք ոսկե ժամացույց գրավ չի դրել:
Պարզվել է, որ Հերիքի մայրը Վիրջինիա Բիչում ոչ մեծ հյուրանոց և գազավորված ըմպելիքների խանութ է ունեցել: Նրա մասնավոր հյուրերը եղել են երիտասարդ նավաստիները, որոնք միշտ չէ, որ գումար են ունեցել հաշիվը փակելու համար: Այդ ժամանակ տերը խնդրել է նրանց որպես գրավ որևէ իր թողնել, որոնց հետևից շատերն այդպես էլ չեն վերադարձել: Մոր մահից հետո Հերիքը նրա իրերի մեջ հայտնաբերել է թանկարժեք իրերի տուփ, որը նա այդպես էլ չէր վաճառել: Դրանց մեջ է եղել նաև Գրիգորի ժամացույցը, որը կինը որշել է վերադարձնել: Հերիքը դրա տիրոջ մասին իմացել է ժամացույցի վրա արված փորագրությունից և նրան գտել է համացանցի միջոցով:
Նախկին նավաստին պատմել է, որ անչափ հուզված ու զգացված է եղել այն բանի համար, թե որքան ջանք են գործադրել Հերիքը և նրա ամուսինը իրեն գտնելու համար:
«Չնայած ժամացույցն առանձնապես թանկարժեք չէ, ես մինչև կյանքիս վերջը կպահեմ այն: Ես այն կտակում եմ իմ թոռանը և անպայման կպատմեմ նրան այս զարմանալի պատմությունը»,- ասել է Գրիգորը:








































