Ուրբաթ օրվա դրությամբ եվրոյի արժեքը դոլարի համեմատությամբ ընկել է`ԵՄ-ի գագաթնաժողովից հետո Իսպանիայի` ֆինանսական օգնության պահանջի հարցում պահպանվող անորոշության ֆոնին:
Անցյալ շաբաթվա վերջին դոլարի համեմատությամբ եվրոն էժանացել է մինչև 1,3023 դոլար՝ մեկ եվրոյի դիմաց: Ճապոնական արժույթը դոլարի համեմատությամբ էժանացել է մինչև 79,32 իեն՝ մեկ դոլարի դիմաց:
ԵՄ-ի գագաթնաժողովի արդյունքներով` եվրոպացի դիվանագետները պայմանավորվել են Եվրոպայի կենտրոնական բանկին (ԵԿԲ) անհրաժեշտության դեպքում եվրագոտու ցանկացած բանկի աշխատանքին միջամտելու իրավունք վերապահել: Հանդիպման մասնակիցները հաստատել են ընթացիկ տարվա վերջին եվրագոտում հսկողություն սահմանելու համար օրենսդիր բազա ստեղծելու մտադրությունը: Իսպանիայի և Հունաստանի վերաբերյալ ոչ մի էական որոշում չի ընդունվել:
Իսպանիայի տնտեսական խնդիրները ծանրանում են: Ուրբաթ օրը երկրի ևս 2 շրջան օգնության խնդրանքով դիմել է կառավարությանը:
«Եվրոն դոլարի համամատությամբ շարունակում է տատանվել 1,2800-1,3160 դոլար մեկ եվրոյի համար տիրույթում և ես կարծում եմ` այս շարժը կպահպանվի մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունների վերջ»-, Reuters գործակալությունը մեջբերում է Նյու Յորքում SMB Forex Trading And Education-ի տնօրեն Մարկ Պրինսիպատոյի խոսքերը:
Վերջին շաբաթում եվրոյի արժեքը դոլարի համեմատ` մեծացել է 0,5%-ով, ճապոնական արժույթինը նվազել է` 1,1%-ով:






































