Եգիպտոսի գլխավոր դատախազ Աբդելմահիդ Մահմուդը հրահանգել է հետաքննել Լուկսոր քաղաքից մի ուսուցչուհու գործը, որը հիջաբ կրելուց հրաժարվելու համար երկու դպրոցական աղջիկների մազերը կտրել է, հայտարարել է գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Ադիլ աս-Սաիդը:
Մի քանի օր առաջ Լուկսորի տարրրական դասարանների ուսուցչուհի Այման Քիլյանին դասերի ժամանակ մկրատով կտրել է երկու աղջիկների մազերը, որովհետև վերջիններս հրաժարվել են հիջաբ (ավանդական մուսուլմանական գլխաշոր, որն ամբոջղությամբ փակում է մազերը) կրել: Ուսուցչուհին ասել է, որ ինքն այդպիսի քայլի է գնացել, որպեսզի աղջիկներին պատժի իր հրահանգները չկատարելու համար և որպես նախազգուշացում մյուս երեխաներին:
Աս-Սաիդն ասել է, որ այս արարքը երեխայի իրավունքների խախտում է և հակասում է Եգիպտոսի օրենսդրությանը:
Ուսուցչուհու գործողությունները մեծ հրապարակայնություն են ստացել Եգիպտոսում: Եգիպտոսում Կանանց ազգային խորհուրդը դեպքը գնահատել է որպես. «ոտնձգություն Եգիպտոսի հիմնական սկզբունքների հանդեպ և մարդու, հատկապես` երեխայի իրավունքների սարսափելի անարգանք»:
Այման Քիլյանը վերջին 5 տարիներին մշտապես նիկաբ (գլխաշոր, որը ոչ միայն մազերն է փակում, այլև դեմքը (բացի աչքերից) է կրում: Նրա խոսքով` ինքը ոչ մի «կրոնական կամ քաղաքական կազմակերպության» անդամ չէ: Իր արարքն ուսուցչուհին սխալ չի համարում և զարմացած է, թե ինչու է այն «բուռն արձագանք գտել և իր շուրջն այդքան աղմուկ բարձրացրել»:











































