Սիրիայում երկրի իշխանության և ընդդիմության միջև ամիսներ շարունակվող բախումներն իրենց ազդեցությունն ունեցան նաև Բեյրութի վրա: Այս մասին «առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բեյրութում լույս տեսնող «Արարատ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Ահարոն Շխրտմյանը՝ խոսելով Բեյրութում տեղի ունեցած պայթյունի քաղաքական դրդապատճառների մասին:
Նա պարզաբանեց,որ Բեյրութում գործող երկու հիմնական քաղաքական հոսանքները՝ «Մարտի 8»-ը և «Մարտի 14»-ը, կողմ են Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին: Ըստ նրա՝ «Մարտի 14»-յան ուժերը համաձայն են, որ Սիրիայում վարչակարգի փոփոխություն տեղի ունենա՝ Բաշար ալ Ասադի վարչակարգի տապալմամբ, իսկ «Մարտի 8»-ի ուժերը կողմնակից են, որ ներքին քաղաքական ուժերի համաձայնությամբ տեղի ունենա իշխանափոխությունը և ոչ արտաքին միջամտությամբ:
«Այս ֆոնի վրա քաղաքական բեմի վրա սուր հակասություններ կան երկու ուժերի միջև, և քաղաքական բեմի վրա բոլոր հոսանքներն իրար նկատմամբ ցեխարձակումներով են զբաղվում, քննադատություններով, փոխադարձ ամբաստանություններով: Սա է Լիբանանում տիրող իրավիճակը:
Երեկ տեղի ունեցած ոճիրից սպանված Ուիսամ Հասան զորավարը «Մարտի 14» ուժերի կողմնակիցն էր, ում սպանության գործում տարբեր մեղադրանքներ են շրջանառվում»,- ասաց Ահարոն Շխրտմյանը՝ հավելելով, որ այն ուժը, որին հարում էր Ուիսամ Հասանը նյութական ծանր կացության մեջ է: Նրա հավաստիացմամբ՝ Սաադ Հարիրին, ով «Մարտի 14»-յան ուժերի առաջնորդներից էր, երկրից հեռացել է զանազան պատրվակներով, թեև ունի կողմնակիցներ, որոնք բոլորն էլ նյութական ծանր կացության մեջ են:
«Հարիրիին զորակցում են ԱՄՆ-ն , Քաթարը, որոնք Սիրիայում վարչակարգի տապալման ձգտումներ ունեն: Այս պատճառով է, որ Հարիրին ջրի գլուխ է գալիս, քանի որ Լիբանանի սուննի համայնքի ներկայացուցիչ է, նրանց համայնքի առաջին դեմքը»,- նկատեց «Արարատ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրը:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ՝ կեսօրին, Բեյրութի քրիստոնեական Էշրէֆիէի շրջանում հզոր պայթյուն էր որոտացել, վիրավորվել էին բազմաթիվ մարդիկ, 8 մարդ զոհվել էր, որոնց թվում Լիբանանի «Մարտի 14»-յան ուժերի ներկայացուցիչ Սաադ Հարիրիի մտերիմ, Ներքին անվտանգության ուժերի տեղեկատվության վարչության տնօրեն Ուիսամ Հասանը:







































