ԱՄՆ-ն «Ջորջ Վաշինգտոն» ավիակրի կազմում ավիակիր խումբ է ուղարկել Հարավչինական ծով՝ Խաղաղ օվկիանոսում կանոնավոր պարեկման շրջանակում աջակցություն ցույց տալու Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցացիայի անդամներին, մասնավորապես՝ Վիետնամին, Մալայզիային և Ֆիլիպիններին՝ Չինաստանի հետ իրենց տարածքային վեճերում: Այս մասին հայտնում է Bangkok Post-ը:
Հրատարակությունը նշում է, որ շաբաթ օրը, երբ ամերիկյան նավերը մոտ են գտնվել Վիետնամի ափերին, «Ջորջ Վաշինգտոն» ավիակրի տախտակամած են հրավիրվել Վիետնամի պաշտոնական ներկայացուցիչները, որոնց ցուցադրվել են ավիացիոն թռիչքներ և ուղեկցող նավերի ուսումնական հրաձգություններ:
«Վիետնամի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց հաճելի է օգնություն ստանալ նախկին հակառակորդ Ամերիկայից՝ որպես իրենց հարևան Չինաստանի հակակշռում, որի հետ երբեմն հնարավոր չեն բարիդրացիական հարաբերությունները»,- հայտնում է աղբյուրը:
Չինաստանը հավակնում է Հարավչինական ծովի բոլոր կղզիներին: Վերջին երկու տարում Չինաստանի և Վիետնամի, ինչպես նաև Չինաստանի և Ֆիլիպինների միջև տարածքային հակամարտություններում մի քանի լուրջ սրացումներ են տեղի ունեցել: Հարավչինական ծովում տարածքային հակամարտությունը շարունակվում է արդեն մի քանի տասնամյակ:
Նշենք, որ ASEAN-ի կազմի մեջ են մտնում Բրունեյը, Վիետնամը, Ինդոնեզիան, Կամբոջան, Լաոսը, Մալայզիան, Մյանման, Սինգապուրը, Թաիլանդը և Ֆիլիպինները:







































