2013թ. պետական բյուջեի նախագծով ծրագրվում է եկամուտների աճ մոտ 121 մլրդ դրամով: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, հարկային հավաքագրումների հավելումը դժվար չի լինի՝ հաշվի առնելով արդյունաբերության ոլորտի աճի միտումները՝ մինչև 13% սահմաններում, և պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում նախատեսվում է 300 մլն դոլար հատկացնել արդյունաբերությունում ներդրումների համար:
«Եթե ներդրումներ արվեն կոնյակագործության, դեղագործության, ճշգրիտ ճարտարագիտության մեջ, նաև այն ոլորտներում, որոնք կարող են ավելի մեծ արդյունք ցույց տալ, այդ 121 մլրդ դրամը կարող է և հավաքվել»,- ասաց Վ.Սաֆարյանը:
Ըստ նրա՝ ՓՄՁ-ների հետ կապված կառավարությանն առաջարկ են ներկայացնելու, որ ավելի արտոնյալ պայմաններ ստեղծվեն դրանց համար: Մասնավորապես, որ 58.350 մլն դրամի սահմաններում աշխատող կառույցները ԱԱՀ-ից ազատվում են, բայց այդ` արտոնությունից օգտվելու համար լինում են խոչընդոտներ. երբ ձեռք բերվող ծառայություն-ապրանքը անցնում է 80%-ից, ապա ՓՄՁ-ն չի աշխատում այս տիրույթում և չի ազատվում ԱԱՀ-ից: Սաֆարյանն առաջարկում է շրջանառության 3-3.5% չափով հարկ կիրառել և կարծում է, որ այս դեպքում ՓՄՁ-ներն ավելի արդյունավետ կգործեն:
Նաև 300 մլն դրամից ավելի սարքավորումներ ներմուծելու դեպքում ԱԱՀ վճարումը 3 տարով հետաձգվում է, բայց դրանից օգտվում են միայն խոշորները: Վ. Սաֆարյանն առաջարկում է շեմն իջեցնել, որ ՓՄՁ-ները ևս կարողանան օգտվել այդ արտոնությունից:









































