Գյումրիի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի քաղաքապետի պաշտոնն ստանձնելուց հետո ավելի քան 10 աշխատակից արդեն ազատվել է աշխատանքից, որոնց թվում են երկու փոխքաղաքապետերն ու վարչությունների պետեր: Նրանց մի մասը հեռացվել են, մյուս մասն ինքնակամ են դիմում գրել: Գյումրիի երկու փոխքաղաքապետերից Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամ Գագիկ Մանուկյանն ինքնակամ է պաշտոնից ազատվելու դիմում ներկայացրել՝ նախքան Սամվել Բալասանյանի գալը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գագիկ Մանուկյանը նշեց, որ աշխատանքից հեռանալու պատճառն այն է, որ ինքն այլ թիմից է: «Ղուկասյանի հետ 10 տարի աշխատել եմ, ես համարեցի, որ բարոյապես ճիշտ է, որ ես էլ պիտի գնամ: Նոր մարդ է ընտրվել, իրա թիմով գալիս է, ես ուրիշ թիմից եմ»,- ասաց Գ. Մուրադյանը: Նա հավաստիացրեց, որ Սամվել Բալասանյանը նախօրոք չի ակնարկել, որ փոխքաղաքապետերն աշխատանքից ազատվելու դիմում գրեն:
«Ես մինչև պարոն Բալասանյանի գալն եմ դիմում գրել: Մինչև իրա գալը երկու օր առաջ ես ու քաղաքապետը դիմում ենք տվել ու միասին ազատվել աշխատանքից»,- ասաց նա: Սամվել Բալասանյանին քաղաքապետարանում դիմավորել է ՕԵԿ-ական փոխքաղաքապետ Ռուդիկ Հովհաննիսյանը:
Մեր տեղեկություններով, թեև նա էլ էր Վարդան Ղուկասյանի թիմակիցը համարվում, սակայն որոշել է դիմում չգրել և շարունակել աշխատանքը: Սակայն Սամվել Բալասանյանն իր պաշտոնավարման առաջին օրերին նրան հորդորել է աշխատանքից ազատվելու դիմում գրել՝ պատճառաբանելով, թե չի ուզում նրա հետ աշխատել:











































