Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հիմարություն է համարում խոսակցություններն այն մասին, որ ինքն իր կրտսեր որդուն` Նիկոլային, պատրաստում է նախագահության համար: Այս մասին նա հայտարարել է բրիտանական ԶԼՄ-ների հետ զրույցում, հայտարարել են Բելառուսի նախագահի մամլո ծառայությունից:
«Երդվում եմ, որ երբեք այդ մասին անգամ չեմ մտածել: Դա կատարյալ հիմարություն է: Մեզանում նախագահ կարող է դառնալ նվազագույնը 35 տարեկան անձը: Նրա 8 տարին է լրացել: Այսինքն, ուզում եք ասել՝ ես դեռ 30 տարի պետք է նախագա՞հ լինեմ, որպեսզի այդ իշխանությունը հանձնեմ փոքրիկին»,- նշել է նա:
«Ես մեկ անգամ ևս եմ ասում՝ իմ երեխաները կուշտ եմ իմ նախագահությունից: Ու եթե դուք իմանայիք՝ ինչպես եմ ես աշխատում ու ինչ եմ ստանում այդ նախագահությունից, դուք ինձ հետ կհամաձայնեիք»,- Լուկաշենկոյի խոսքերը մեջբերում է ԲԵԼՏԱ-ն:
Նա նաև հայտարարել է, որ ինքը հավակնություն չունի դառնալ Բելառուսի ու Ռուսաստանի միացյալ պետության նախագահը:
Ենթադրություններն այն մասին, որ Կոլյա Լուկաշենկոն կարող է փոխարինել հորը երկրի նախագահի պաշտոնում, շրջանառվեցին այն բանից հետո, երբ վերջինս իր հետ Վենեսուելա էր տարել երեխային, ով ներկա էր եղել Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հետ հանդիպմանը:











































