Բեյրութի արևելյան հատվածում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով Լիբանանում իրավիճակը շատ լարված է: Ինչպես Լիբանանից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Լիբանանի Հնչակյան կուսակցության վարիչ մարմնի ատենապետ Ալեքսան Քեոշքերյանը, առայժմ երկրում զանգվածային ընդվզումներ չկան, բայց ընդդիմությունը ներկայացնող երիտասարդները Բեյրութի գլխավոր հրապարակում նստացույց են անում՝ ճնշում գործադրելով կառավարության վրա:
Այսօր գիշեր Լիբանանում իրավիճակը բավականին լարված է եղել, որոշ շրջաններում, որտեղ ընդդիմությունն ակտիվ է, փողոցներ են փակվել, անկարգություններ գրանցվել: Սակայն այսօր իրավիճակը հանգիստ է, քանի որ Լիբանանում հայտարարված է ազգային սուգ:
Ինչպես հայտնի է, երկրի ընդդիմությունը պահանջել է վարչապետի հրաժարականը՝ պայթյունի պատասխանատվությունը դնելով նրա վրա: Սակայն, Ալեքսան Քեոշքերյանի խոսքով, Լիբանանի կառավարությունը չի պատրաստվում հեռանալ: Մյուս կողմից` այսօր առավոտյան ԶԼՄ-ները լուրեր են տարածել, որ վարչապետը նեղ շրջանակում ասել է, թե ուզում է հրաժարական տալ: «Եթե նույնիսկ վարչապետը հրաժարվի, ես կարծում եմ` շատ դժվար է մոտ ապագայում նոր կառավարության ձևավորումը: Դրանից ընդվզումն էլ չի նվազելու, ես կարծում եմ, որ երկիրն ավելի վատ փուլ է մտնում, որովհետև նոր կառավարություն կազմելը շատ դժվար է այս պայմաններում: Ավելին` պառլամենտում շատ դժվար է մեծամասնություն կազմելը»,- ասաց Քեոշքերյանը՝ հավելելով, որ այսօր երկրի խորհրդարանում մեծամասնություն կազմող ուժի դիրքորոշումները հստակ չեն:
Մեր զրուցակցի խոսքով՝ Լիբանանում և ամբողջ տարածաշրջանում կատարվող իրադարձությունները շատ ավելի մեծ ուժերի հակամարտության արդյունք են:
Ռուսաստանի և Արևմուտքի հակամարտությունը, Քեոշքերյանի խոսքով, իր անդրադարձը կունենա Լիբանանի վրա: «Եթե այնտեղ լինի թուլացում, այստեղ կթուլանա, եթե այնտեղ լինի ավելի սաստկացում, Լիբանանում էլի կսաստկանա: Այսինքն՝ աշխարհում ընթացող զարգացումները հիմնականում մեծ ուժերի հակամարտության հետևանք են»,- նշեց նա:









































