Ուրբաթ օրը Բեյրութի արևելյան հատվածում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել, 86 հոգի վնասվածքներ է ստացել, հայտնում են տեղի ԶԼՆ-ները` հղում անելով Լիբանանի առողջապահության նախարար Հասան Ջալիլին: Զոհվածների թվում եղել է Լիբանանի հատուկ ծառայություններից մեկի ղեկավար գեներալ Վիսամ ալ-Հասանը, հայտնել է «Ալ-Ջեհիդ» հեռուստաալիքը: Լուրը հաստատել են «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի աղբյուրները:
Ալ-Հասանի ղեկավարած հետախուզական բյուրոն զբաղվում էր նաև Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով, ով մահացել էր 2005-ի փետրվարի 14-ին ահաբեկչության հետևանքով: Ալ-Հասանը նախկինում ղեկավարել է նախկին վարչապետի և նրա ընտանիքի պաշտպանությունը:
Ավելի վաղ հայտնում էին ամենաքիչը 8 զոհի մասին:
Հիվանդանոցներում, ուր տեղափոխվում են հիվանդները, արյունը չի հերիքում: Բժիշկներն օգնության կոչով դիմել են բնակիչներին:
Նախնական տվյալներով` ականապատ ավտոմեքենան պայթել է Սասին հրապարակի մոտ: Տեղեկությունը, որ ահաբեկչությունն ուղղված է եղել «Մարտի 14-ի կոալիցիա»-ի ղեկավարներից մեկի դեմ, չի հաստատվում:
Պայթյունի թաղամասը ծածկված է սև ծխի հաստ շերտով: Պայթյունի էպիկենտրոնում բնակելի տները մեծ նյութական վնաս են կրել, տասնյակ ավտոմեքենաներ են վնասվել:
Լիբանանի դիտորդները պայթյունը կապում են հարևան Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ, որտեղ կես տարուց ավելի շարունակվում է հակամարտությունը, որին, ՄԱԿ-ի ներկայացուցիչների տվյալներով, զոհ է գնացել ավելի քան 20 000 մարդ:
Երկու օր առաջ ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ հանձնակատար Լահդար Բրահիմին նախազգուշացրել էր, որ սիրիական ճգնաժամն ընդմիշտ չի կարող մնալ այդ երկրի սահմաններում:
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն արդեն դատապարտել է Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչությունը` համերաշխություն հայտնելով Լիբանանի ժողովրդին:











































