«Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պարտքեր է թողել, որովհետև Գյումրին կառուցվող քաղաք է: Իր պաշտոնավարման տարիներիննա քաղաքում շատ գործեր է արել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանը՝ արձագանքելով Գյումրիի քաղաքապետի պաշտոնը ստանձնած Սամվել Բալասանյանի մեկնաբանություններին, թե Գյումրիի քաղաքապետարանը պարտքերով է ընդունել:
Լիլիթ Աղեկյանը բնական համարեց դա.«Երբ մենք եկանք`1999 թվականին, մենք էլ պարտքերով ընդունեցինք քաղաքապետարանը, սակայն Վարդան Ղուկասյանը հետևողականորեն փակեց այդ պարտքերը:Դա շատ բնական է: Կա՞ որևէ մի կառույց, որ պարտք չունենա, կամ որևէ ընտանիք, որ պարտք չունենա:
Այդքան գործ է արվել, բա պարտք չլինի՞: Երբ մենք եկանք, վեց ամսվա պարտք վերցրինք, այդ թվում` աշխատավարձեր: Մարդիկ հունվար ամսվա աշխատավարձը ստացան հունիսին: Ղուկասյանն այն ժամանակ միանգամից վեց ամսվա պարտքը փակեց»,- ասաց Ղուկասյանի խոսնակը:
Նրա տեղեկացմամբ՝խոսքը1-1,5 ամսվա պարտքի մասին է, որը կփակվի:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում քաղաքապետի պաշտոնը ստանձնած Սամվել Բալասանյանն ասել էր, որ մեկ միլիարդ դրամից ավելի պարտքով է ընդունել քաղաքապետարանը:
Ինչ վերաբերում է աշխատավարձերին, քաղաքապետն ասել է, որ 200 միլիոնի չափով աշխատավարձի պարտք կա: Նա նաև զարմանք է հայտնել` ասելով, որ առաջին հերթինպետք է տրվեր աշխատավարձ:
«Երեք ամիս աշխատավարձ չեն ստացել և՛ քաղաքապետարանի աշխատակիցները, և՛ այն կազմակերպությունները, որոնց աշխատավարձը քաղաքապետարանն է վճարում: Չկա ծախսելու որևէ բան: Հիմա նոր պետք է հավաքագրենք, կարողանանք ծախսեր կատարել», – ասել էր Բալասանյանը:











































