Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանն ընթանում է ճիշտ ուղիով: Այս մասին Վրաստանից մեկնելուց առաջ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը՝ ամփոփելով իր վրացական այցի արդյունքները.
«Դա շատ հետաքրքիր ու հաջող այց էր: Հաճելի էր հանդիպել նախկին և նոր կառավարության հետ: Ելնելով հանդիպումներում արված հայտարարություններից՝ ես հաճույքով ընդգծում եմ ամբողջական կոնսենսուսը Վրաստանի արտաքին քաղաքականության հետագա ուղղվածության մասին, ինչը մասնավորապես վերաբերում է ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին Վրաստանի անդամակցելուն:
Ձեր պետությունն ընթանում է ճիշտ ճանապարհով: Վրաստանը մեծ առաջընթաց է գրանցել՝ անցկացնելով ժողովրդավարական ու թափանցիկ ընտրություններ, և այդ հաջողությունը կարևոր է արևմտյան երկրների համար»:
Հիշեցնենք, որ Ափաթուրայը Վրաստան է ժամանել հոկտեմբերի 18-ին: Իր վրացական այցի շրջանակներում նա հանդիպումներ է ունեցել արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիայի, «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ, վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլիի, ապագա կառավարության այլ ներկայացուցիչների, այդ թվում նաև պաշտպանության նախարարի թեկնածու Իրակլի Ալասանիայի հետ:









































