Ամերիկացի ծրագրավորող Նիկոլաս Ալեգրան, որը հայտնի է որպես iPhone սմարթֆոնների և iPad պլանշետների «ջեյլբրեյքի» (կոտրման) համար գործիքներ ստեղծող, Apple ընկերությունում ավարտել է ստաժավորումը, որն անցնում էր 2011-ի աշնանից: Այս մասին հայտնում է Forbes-ը:
Ալեգրայի թուիթից պարզ է դառնում, որ նա ընկերությունը լքել է ոչ սեփական նախաձեռնությամբ: «Անցած շաբաթվանից ես այլևս կապ չունեմ Apple-ի հետ, որտեղ մոտ 1 տարի եմ անցկացրել: Ինչո՞ւ: Որովհետև մոռացել էի նամակին պատասխանել»,- գրել է նա Twitter-ի իր էջում:
Ալեգրան աղբյուրի հետ հարցազրույցում բացատրել է, որ վերոնշյալ նամակը իրեն ուղարկել էր Apple-ը: Նամակով նրան առաջարկվում էր շարունակել համագործակցությունը ընկերության հետ ստաժավորողի դերում, որն աշխատում է հեռակա կարգով:
Ծրագրավորողը նշել է, որ անպատասխան մնացած նամակը Apple-ից հեռանալու միակ պատճառը չէ, սակայն հրաժարվել է մանրամասներից:
Ալեգրան հայտարարել է, որ կշարունակի ուսումը Բրաունի համալսարանում (այժմ ծրագրավորողը գտնվում է ակադեմիական արձակուրդում): Մոտ ժամանակներս նա մտադիր չէ թողարկել նոր հավելվածներ iPhone-ի և iPad-ի «ջեյլբրեյքի» համար, որոնց շնորհիվ հնարավոր է մուտք ստանալ դեպի սարքի ֆայլային համակարգ:









































