Աֆղանստանի հյուսիսում` ճամփեզրին տեղադրված ռումբի հետևանքով հարսանիքի բազմաթիվ հյուրեր են տուժել: Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ: Միջոցառման ևս 15 հյուրեր վիրավորվել են: Սրանք BBC-ի տվյալներն են:
Միևնույն ժամանակ, Associated Press-ը՝ հղում անելով ոստիկանությանը, հայտնում է 15 զոհի և 18 վիրավորի մասին: Իշխանությունների փոխանցմամբ՝ զոհերի թիվը կարող է աճել:
Ռումբի վրա միկրոավտոբուս է պայթել, որով հյուրերը գնում էին Բալխ նահանգի Դավլաթաբադ շրջան: Փոխադրամիջոցում եղել են նաև կանայք և երեխաներ:
Դեռևս հայտնի չէ` ահաբեկչությունը ծրագրված է եղել հենց նրա՞նց դեմ, թե՞ նրանք պատահական զոհ են դարձել: Ահաբեկչական ոչ մի խմբավորում դեռևս չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:
BBC-ն նշում է, որ Աֆղանստանի հյուսիսը, որտեղ գտնվում է Դավլաթաբադ շրջանը, վերջին տարիներին համարվում էր երկրի ամենաանվտանգ շրջաններից մեկը, սակայն հիմա այնտեղ նկատվում է «Թալիբան»-ի գործունեության ակտիվացում: