Այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Վահան Խաչատուրյանի գործի դատաքննությունը: 36-ամյա Վահան Խաչատուրյանը մեղադրվում է 2011 թվականի մայիսին ալկոհոլային հարբածության վիճակում իր մոր ննջարան ներխուժելու և դանակի սպառնալիքով բռնաբարության փորձ կատարելու համար: Խաչատուրյանը նախկինում դատապարտված է եղել, դատվածությունը մարված չէ:
Նախորդ դատական նիստի ժամանակ տուժողը՝ ամբաստանյալի մայրը, միջնորդել է դատաքննությունն անցկացնել դռնփակ: Դատարանը բավարարել է միջնորդությունը: Այսուհետև նիստերը դռնփակ են լինելու: Խաչատուրյանի շահերի պաշտպան Տիգրան Գրիգորյանը տեղեկացրեց միայն, որ իր պաշտպանյալը չի ընդունում մեղքը: Նա մեղսունակ է ճանաչվել:
Այսօրվա դատական նիստն սկսվեց մեկ ժամ ուշացումով, որովհետև կալանավորին ուշացումով բերեցին դատարան: Մինչև դատական նիստի սկսվելը, քանի դեռ կողմերը սպասում էին սպասասրահում, տուժողը՝ ամբաստանյալի մայրը, իմանացավ, որ լրագրող եմ, և իր վրդովմունքը հայտնեց բոլոր լրագրողների հասցեին, ովքեր այս գործի վերաբերյալ տեղեկատվություն էին հրապարակել մինչ օրս: Տիկինը զայրացած ասաց. ՙՀենց հիմա դուրս եկեք այստեղից, ձեզ ոչ ոք իրավունք չի տվել մեր ընտանիքի մասին գրել: Բոլորին դատի եմ տալու՚:
Ես բացատրեցի, որ տվյալ պահին ես ոչ թե դռնփակ դատական նիստում եմ, այլ դատարանի սպասասրահում, որտեղից ինձ դուրս հրավիրելը առնվազն անհարկի բորբոքվածություն է և զուր ջանքերի գործադրում: Ինչ վերաբերում է ընտանիքի գաղտնիքին, ապա այդ ընտանիքի ներսում հենց տուժողի հայտարարությամբ կատարվել է հանցագործություն, որի դատական քննության դռնփակ լինելը միայն նախորդ դատական նիստին է որոշվել:
Կատարված արարքը, եթե այն, իրոք, կատարվել է, նախաքննվել է, հիմա էլ դատաքննվում է, ասել կուզի՝ կատարվածն արդեն դուրս է եկել նեղ ընտանեկան շրջանակներից, աղմուկ բարձրացրել հասարակության շրջանում: Արձանագրված դեպքն արտառոց է, նրա քննությունը ինչ-որ իմաստով հասարակական հնչեղություն է ստացել: Ու տեղեկատվություն ստանալու իրավունք ունեցող մարդիկ, առանց տվյալ ընտանիքի անձնական կյանքի մեջ ներխուժելու, պիտի իմանան տվյալ գործի ընթացքի ու հանգուցալուծման մասին, առավել ևս, որ ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչում:
Երբ կրքերը փոքր-ինչ հանդարտվել էին, ամբաստանյալի մայը, նույն ինքը՝ տուժողը սկսեց լուռ արտասվել: Շատ ցավալի էր, ու դա էր բնականը՝ մոր ցավը կատարվածի և որդու այսօրվա վիճակի համար: Ինչ էլ որ կատարվել է, ողբերգություն է՝ այս ընտանիքի պատերի ներսում ծավալված, երկու մարդու անձնական կյանքը խաթարած, հասարակության վրդովմունքն առաջացրած:
Թե ինչ եզրակցության կհանգի դատարանը դատաքննության ավարտին, պարզ կլինի արդեն դռնբաց պայմաններում հրապարակվելիք դատավճռից:











































