Սիրիայի ընդդիմությունը համաձայն է դադարեցնել ռազմական գործողությունները գալիք շաբաթ սկսվող մուսուլմանական Կուրբան Բայրամ տոնի ժամանակ: Այս մասին հաղորդում է թուրքական Milliyet թերթը:
«Մենք համաձայն ենք դադարեցնել կրակը: Եթե հրադադարը խախտվի, դրա համար պատասխանատվությունը կընկնի վարչակարգի վրա»,- թերթին հայտնել է Ստամբուլում տեղակայված Սիրիայի ազգային խորհրդի ղեկավար Աբդել Բասեդ Սեյդան:
Ավելի վաղ ՍԱԽ-ը հայտարարել էր, որ կրակի դադարեցումը հնարավոր է, եթե կառավարական զորքերը նույնպես դիմեն այդ քայլին:
Շաբաթվա սկզբին կառավարական զորքերին և ընդդիմությանը կրակը դադարեցնելու կոչ էր արել ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին: Նա հույս էր հայտնել, որ ժամանակավոր զինադադարը կնպաստի քաղաքական միջոցներով Սիրիայում հակամարտության կարգավորմանը:









































