ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև այսօր փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց էներգետիկայի վերաբերյալ: Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեց ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, ամերիկյան կողմից՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:
Լրագրողների հետ ճեպազրույցում դեսպանը հայտարարեց, որ այս փաստաթղթի ստորագրումն ապացուցում է մեր երկրների միջև էներգետիկ խնդիրների հետ կապված համագործակցությունը բոլոր ոլորտներում: «Հարցերից մեկը Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության հետ կապված խնդիրներն են, և մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի համագործակցենք ՀՀ կառավարության հետ, որ այս ԱԷԿ-ը շահագործվի առավելագույնս ապահով ձևով: Այս փաստաթուղթը կոնկրետ ոլորտներ չի արտացոլում, այլ արտացոլում է երկու երկրների կառավարությունների պատրաստակամությունը՝ համագործակցելու էներգետիկ ոլորտում»,- ասաց Ջ. Հեֆֆերնը:
Ա. Մովսիսյանը հայտնեց, որ որոշում արդեն կայացվել է, և բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ կայանի կյանքը պետք է մի քանի տարով երկարացվի. «Մեր կառավարությունը որոշել է երկարացնել 10 տարի, մինչև կկառուցվի նորը: Ներկայումս քննարկվում է միջոցառումների ցանկը, որ կարողանանք ապահովել կայանի անվտանգ շահագործումը»:
Ջ. Հեֆֆերնի խոսքերով, ԱՄՆ դիրքորոշումը համահունչ է հայկական կողմի որոշման հետ։ Նա նկատեց, որ ԱԷԿ-ի այս բլոկի շահագործումը պետք է դադարեցվի 2016 թվին, բայց կա որոշում՝ կայանի կյանքը երկարաձգել 10 տարով, և եթե այդ ուղիով գնա ՀՀ կառավարությունը, ապա իրենք կաջակցեն նրան։ «Կառավարության հետ աշխատել ենք ատոմակայանի անվտանգ շահագործումը ապահովելու համար և կշարունակենք աշխատել»,- հայտարարեց դեսպանը։
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































