Հոկտեմբերի 17 ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի և ՄիացյալՆահանգները բարեկամական գործընկերությունը ներառում է արդյունավետ համագործակցություն ամենատարբեր ոլորտներում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էրիկ Ռուբինն ընդգծեց, որ ԱՄՆ-ն բարձր է գնահատում գործընկերությունը Հայաստանի հետ և շարունակելու է համակողմանի փոխգործակցության զարգացումը: Նա հավելել է, որ համագործակցության ոլորտներն արագ տեմպերով ընդլայնվում են և այդ համատեքստում կարևորեց երկխոսությունը քաղաքական, տնտեսական, պաշտպանական ոլորտներում:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են քաղաքական և տնտեսական բնագավառներում փոխգործակցության զարգացման հարցերին, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հոկտեմբերի 18-ին կայանալիք նիստին։
Նախարար Նալբանդյանը և Էրիկ Ռուբինը քննարկել են արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ընդգծել է, որ ԱՄՆ-ը բարձր է գնահատում հայկական կողմի կառուցողական դիրքորոշումն այս հարցում, Հայաստանի հանձնառությունը հակամարտության կարգավորմանը հասնելու բացառապես բանակցային ճանապարհով:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ:










































